Մատչելիության հղումներ

Մոլիերի ոճով ԱԲ-ի գրած պիեսը կներկայացվի Վերսալում

17-րդ դարի հայտնի ֆրանսիացի դրամատուրգ Մոլիերի ոճով արհեստական բանականության կողմից գրված պիեսը նախատեսվում է ներկայացնել Վերսալում մայիսի 5-ին։

Սորբոնի համալսարանի Մոլիերի ուսումնասիրող գիտնականներն ու ֆրանսիական AI արվեստի Obvious կոլեկտիվը համագործակցել են ներկայացման համար, որը կոչվում է «L’Astrologue ou les Faux Présages» («Աստղագուշակը կամ կեղծ նախանշանները»)։

«Մոլիերը գուցե կարող էր նման պիես ստեղծել։ Մենք չենք վերակենդանացնում Մոլիերին, որպեսզի նա խոսի այսօրվա աշխարհի մասին։ Մենք գնում ենք դեպի Մոլիեր՝ նրա աղբյուրները, ներշնչանքները, նրա ստեղծագործությունները և ստեղծագործական գործընթացի լավագույն գիտելիքները՝ օգտագործելով ժամանակակից և զարգացող գործիքը»,- ասել է Սորբոնի համալսարանի փոխնախագահ Պիեռ-Մարի Շովենը։

Հետազոտողները Մոլիերի գրքերում հայտնաբերել են ակնարկներ աստղագուշակության վերաբերյալ նրա տեսակետների մասին, որը դրամատուրգը երբեմն ներկայացնում էր որպես մարդկանց խաբելու միջոց, և այդ հիմքով եզրակացրել են, որ այն կարող էր լինել նրա հաջորդ պիեսի թեման, եթե Մոլիերը չմահանար հիվանդությունից։

AI-ը և մարդը միասին են ստեղծել պիեսը․ AI-ը յուրաքանչյուր տեսարանի համար ստեղծել է մոտ 20 տարբերակ, որոնք հետո վերամշակվել են՝ մինչև պատմականորեն ճշգրիտ տեքստ ստանալը։

Օգտագործվել են նաև 17-րդ դարի նկարիչ Հենրի Գիսեի բնօրինակ էսքիզները, որպեսզի AI-ը համապատասխան հագուստ մոդելավորի։

XS
SM
MD
LG