Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց, որ Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: Թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, վարչապետը չմանրամասնեց:
Մասնավորապես պատասխանելով «Ազատության» հարցին, թե Ռուսաստանի վարչապետի հետ հանդիպմանը քննարկե՞լ են ԵԱՏՄ սահմանափակումները Հայաստանի նկատմամբ, Փաշինյանն ասաց. «ԵԱՏՄ-ի հետ կապված ՌԴ կառավարության ղեկավարի հետ ունեցել ենք բաց, անկեղծ, բարեկամական քննարկում, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ»։
Հայաստանի վարչապետը հուլիսի 6-ին Եկատերինբուրգում հանդիպել էր իր ռուս գործընկերոջը: Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո, սա Հայաստանի վարչապետի առաջին աշխատանքային այցն էր Ռուսաստան:
Փաշինյանի այցը Եկատերինբուրգ հաջորդեց վերջին ամիսներին Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների արգելափակման որոշումներին, ինչի հետևանքով բազմաթիվ հայաստանյան ընկերություններ զրկվեցին իրենց արտադրանքը Ռուսաստան ու նաև այդ երկրի տարածքով այլ երկրներ արտահանելու հնարավորությունից: