Մատչելիության հղումներ

Միրզոյանն ու Ռուբիոն Երևանում փոխըմբռնման հուշագիր կստորագրեն

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր Երևանում փոխըմբռնման հուշագիր կստորագրեն, հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը։

Փաստաթղթի բովանդակությունը չի բացահայտվում։ Մանրամասներ չեն հայտնել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս «Ազատության» հետ զրույցում չմանրամասնեց հուշագրի բովանդակությունը:

«Կառաջարկեի սպասենք, երբ ստորագրվի, կհրապարակվի, այն ժամանակ ամբողջ մանրամասները կներկայացվեն: Այս պահին այցի նախապատրաստական աշխատանքներն են կատարվում այցի հետ կապված», - նշեց Գրիգորյանը:

«Ազատության» հարցին՝ «արդյոք այս փաստաթղթի ստորագրումից հետո TRIPP-ի իրականացման հետ կապված գործողությունները կմտնե՞ն գործնական փուլ, շինարարության հետ կապված ժամկետներից հնարավո՞ր է խոսել», ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Օգոստոսի 8-ից հետո մենք մեծ հաշվով մտել ենք գործնական փուլի մեջ, որովհետև բանակցություններ են ընթանում TRIPP-ն իրականություն դարձնելու ուղղությամբ»:

«Կարծում եմ՝ հնարավորինս շուտ կանցնենք նաև գետնի վրա աշխատանքներին», - ասաց Գրիգորյանը՝ առանց ժամկետներ նշելու:

Հարցին՝ TRIPP նախագծի իրականացման հետ կապված ներդրումները բացառապես ամերիկյան կո՞ղմն է անելու, Գրիգորյանը պատասխանեց. «Գիտեք, որ մենք բանակցում ենք նաև այլ կողմերի հետ, բայց մեծ պատրաստակամություն կա Միացյալ Նահանգների կողմից ներդրումներ կատարելու։ Գիտեք, որ արդեն հրապարակված թվեր կան աջակցելու TRIPP-ին, Միացյալ Նահանգների կողմից տրամադրված՝ մի մասը որպես աջակցություն և նաև հետագայում կքննարկենք ներդրումների տարբերակը, բայց մենք այլ գործընկերներ էլ ենք տեսնում, որոնք կարող են մասնակցել։ Բանակցում ենք, տարբեր երկրների հետ խոսում ենք այդ թեման, երբ հստակ լինի կհայտարարենք»:

ԱՄՆ պետքարտուղարը Հայաստան կժամանի այսօր, նախատեսված է Միրզոյանի և Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նրանք հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

Նախօրեին Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ այցի ընթացքում մի քանի փաստաթուղթ է ստորագրվելու՝ դրանք «շատ կարևոր» որակելով, սակայն չէր նշել, թե ինչի մասին են դրանք։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջիկայում սկսվելու են TRIPP նախագծի շինարարական աշխատանքները, և որ Միացյալ Նահանգների հետ ստորագրվելու է նախագծի իրականացման վերջնական պայմանագիրը։


XS
SM
MD
LG