Մատչելիության հղումներ

Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր:

Արարատ Միրզոյանն ու Հաքան Ֆիդանը, Հայաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ, մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային համագործակցության և բազմակողմ հարթակներում առկա հարցերի շուրջ։

Հոկտեմբերի 5-ին էլ հայ և թուրք պաշտոնյաները Երևանում քննարկել են Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման ուղղությամբ աշխատանքները։ Նրանք ընդգծել են նաև Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման կարևորությունը՝ տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից։

Սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել՝ Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում: Չնայած այս հայտարարություններին՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման հարցով տարիներ առաջ մեկնարկած գործընթացը դեռ շոշափելի արդյունք չի տվել: Հակառակ պայմանավորվածությունների՝ թղթի վրա է մնացել անցած տարիներին ձեռք բերված գլխավոր համաձայնությունը՝ բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար:

Թեև Երևանն ու Անկարան այս տարիներին հայտարարել են, որ պատրաստ են հարաբերությունները վերականգնել առանց նախապայմանների, այդուհանդերձ Թուրքիայից չեն թաքցրել՝ հայ-թուրքական հարաբերություններն ուղիղ կապ ունեն հայ-ադրբեջանական կարգավորման հետ:

​
XS
SM
MD
LG