Հայ և թուրք պաշտոնյաներն այսօր Երևանում քննարկել են Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման ուղղությամբ աշխատանքները։
Թուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահ և գլխավոր տնօրեն Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությանն ընդունել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
Ըստ նախարարության՝ կողմերն ընդգծել են նաև Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման կարևորությունը՝ տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից։
Թուրքական պատվիրակությունը հանդիպել է նաև Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության ղեկավարների հետ։
Խուդաթյանը դեռ օգոստոսին հայտարարել էր, որ Հայաստանը շահագրգռված է իր էներգահամակարգը Թուրքիայի, ինչպես նաև Ադրբեջանի համակարգերին միացնելու հարցում։ Նրա խոսքով՝ դա Հայաստանին հնարավորություն կտա ինչպես էլեկտրաէներգիա արտահանել, այնպես էլ ներմուծել։
Հայաստանն ու Թուրքիան զուգահեռ աշխատանքներ են տանում նաև Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման ուղղությամբ։ Ավելի քան երեք տասնամյակ չգործող երկաթուղու հայկական հատվածի նախագծման համար օգոստոսին միջազգային մրցույթ էր հայտարարվել։ Մրցույթի արդյունքների մասին նախարարությունն առայժմ չի տեղեկացրել: