Մատչելիության հղումներ

ՄԻՊ-ն անընդունելի է համարում քաղհասարակության և իրավապաշտպանների թիրախավորումը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան, արխիվ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան, արխիվ

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և իրավապաշտպանների գործունեությանը միջամտելու, նրանց անկախ գործունեությունն ու դիրքորոշումները սահմանափակելու, նրանց նկատմամբ անհանդուրժողականություն տարածելու ցանկացած փորձ անընդունելի է և վտանգում է ժողովրդավարական հասարակության բնականոն զարգացումը, հայտարարում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը:

Պաշտպանի մշտադիտարկումները և քաղաքացիական հասարակության գործընկերներից ստացվող ահազանգերը վկայում են, որ ընդհանուր քաղաքական բևեռացումը հանգեցրել է նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների տեսակետների նկատմամբ անհանդուրժող մոտեցումների, նրանց անկախ դիրքորոշումների վրա ազդելու, անկախ գործունեությանը միջամտելու տարբեր փորձերի, ասված է հայտարարությունում:

Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ է համարում նման երևույթները և ընդգծում, որ անկախ, ազատ և սկզբունքային քաղաքացիական հասարակության առկայությունը իրավական պետության և մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության անհրաժեշտ նախապայման է։

«Քաղաքացիական հասարակությունը չի կարող ենթակա լինել որևէ քաղաքական ազդեցության և վերջինիս գործունեության անկախությունն ու արդյունավետությունը չեն կարող գնահատվել քաղաքական ուժերի և այլ հանրային դերակատարների կամքը կատարելու կամ նրանց ցանկությունները բավարարելու համատեքստում», - ասված է հայտարարությունում:

Այսօրվա ծայրահեղ բևեռացված միջավայրի պայմաններում քաղհասարակության ներկայացուցիչները թիրախավորվում, առցանց հարձակումների են ենթարկվում ու պիտակավորվում են բոլոր այն դեպքերում, երբ արտահայտում են որևէ տեսակետ, որը հաճո չէ այս կամ այն քաղաքական ուժին կամ հանրային դերակատարին: Ներկայիս ազատ արտահայտման դաշտի ակնհայտ ընդլայնման հետ մեկտեղ սա փաստացի վերածվել է ոչ ֆորմալ «գրաքննության» մի մեթոդի, նշում է ՄԻՊ-ը:

Այս իրավիճակը Անահիտ Մանասյանն անընդունելի է համարում և ընդգծում է, որ բոլոր հանրային դերակատարները պետք է նպաստեն վիճակի հաղթահարմանը, իսկ պետությունը պետք է ստանձնի առաջնային դերակատարություն խնդիրը հասցեավորելու և քաղաքացիական հասարակության` իրավական պետության արժեքների ամրապնդմանն ուղղված գործունեության համար միջավայրն անվտանգ դարձնելու հարցում:



XS
SM
MD
LG