Մատչելիության հղումներ

Մինչև 4 անգա՞մ ավելի շատ միջնորդավճար. ինչու են կապի օպերատորները չեղարկել պայմանագրերը վճարային ծառայությունների հետ

Լրացված
Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Telcell, EasyPay, Idram տերմինալներով ու հավելվածներով փետրվարի 1-ից այլևս հնարավոր չի լինի վճարումներ անել Viva, Team Telecom ու Ucom ընկերությունների բջջային կամ ինտերնետ ծառայությունների համար։ Կապի երեք խոշոր օպերատորները խզել են պայմանագրերը վճարային ծառայություններ մատուցող ընկերությունների հետ։ Թե ինչու, օպերատորներից յուրաքանչյուրը բաժանորդներին առանձին՝ գրեթե միանման բացատրություն է տվել:

«Վերը նշված ընկերությունների հետ, ցավոք, հնարավոր չեղավ գալ համաձայնության՝ փոխշահավետ պայմաններով համագործակցության շուրջ», - հայտարարում են Viva ընկերությունից:

«Որոշման հիմքում գործընկերների հետ ծառայությունների մատուցման պայմանների շուրջ անհամաձայնությունն է», - ասում են Ucom-ից:

Կապի օպերատորների որոշումը դժգոհության պատճառ է դարձել։
Բաժանորդներից ոմանց սրտով չէ, կամ էլ բարդ են օպերատորների առաջարկած վճարային այլընտրանքները։ Չնայած դժգոհությանը, բաժանորդները հաշտվել են մտքի հետ, որ փետրվարից այլընտրանքային վճարային ծառայություններից պետք է օգտվեն։

Ոմանց համար խնդիրներ չի առաջացրել փոփոխությունը։

Բաժանորդներից շատերը տեղյակ էլ չեն նոր փոփոխության մասին, չգիտեն էլ՝ ինչ սև կատու է անցել կապի օպերատորների ու վճարային ծառայություններ մատուցող ընկերությունների միջև։

Մինչդեռ EasyPay, Idram, Telcell և Fast Shift ընկերությունները համատեղ հայտարարությամբ պնդում են, թե հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններն առաջարկել են միջնորդավճարի կտրուկ նվազեցում՝ մինչև 50 տոկոսով.

«Ներկայում հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների կողմից առաջարկվող միջնորդավճարի կտրուկ նվազեցումը՝ մինչև 40–50 տոկոս, չի ապահովում նույնիսկ նվազագույն տնտեսական հավասարակշռություն և գործնականում անհնար է դարձնում ծառայությունների պահպանումը գործող ձևաչափով»:

Սրան ժամեր անց արձագանքեցին Team Telecom-ից՝ հայտարարելով, որ վճարային ընկերությունների առաջարկած պայմանները ենթադրում էին էապես ավելի բարձր սակագներ, քան այն սակագները, որոնք նույն ընկերությունները կիրառում են, օրինակ, կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների նկատմամբ.

«Team Telecom Armenia-ն գործընկերներին առաջարկել է համապատասխանեցնել սակագները շուկայում ներկայում գործող պայմաններին, այդ թվում՝ քննարկելով
փուլային նվազեցման հնարավորությունը՝ փոխադարձ շահերի հաշվառմամբ։ Այդ առաջարկները ներկայացվել են հիմնավորված կերպով՝ շեշտադրելով շուկայական հավասարակշռության և արդար մրցակցային միջավայրի կարևորությունը։ Սակայն Team-ի կողմից ներկայացված առաջարկներին չի հետևել որևէ
հիմնավորված հակադարձում կամ բացատրություն, թե ինչու են այլ ոլորտների ծառայություններ մատուցող ընկերությունների համար գործում ավելի ցածր սակագներ, մինչդեռ հաղորդակցության ընկերության դեպքում կիրառվում են էապես տարբեր պայմաններ»:

«Վիվա Արմենիա»-ն ևս հայտարարում է՝ առաջարկել է էլ. հաղորդակցության ծառայությունների համար գանձվող միջնորդավճարները համապատասխանեցնել կոմունալ ծառայությունների համար կիրառվող սակագներին:

«Վճարահաշվարկային ծառայություններ մատուցող վերոհիշյալ ընկերություններն ամբողջովին մերժել են նշված առաջարկը՝ առանց տնտեսապես հիմնավորված պատճառաբանության, և դրանցից որևէ մեկը հանդես չի եկել որևէ հանդիպական առաջարկով: Ավելին, վճարահաշվարկային ծառայություններ մատուցող չորս խոշոր ընկերությունների կողմից միջնորդավճարների վերանայման վերաբերյալ առաջարկի կատեգորիկ մերժումը առաջացնում է կասկած հնարավոր հակամրցակցային համաձայնության վերաբերյալ։ Ընկերության կարծիքով նման վարքագիծը սահմանափակում է շուկայական մրցակցությունը և վնաս է պատճառում ինչպես էլեկտրոնային հաղորդակցության օպերատորներին, այնպես էլ վերջնական սպառողներին», - ասված է հաղորդագրությունում:

«Ազատության» տվյալներով՝ վճարային ընկերությունները կապի օպերատորներից մինչև 4 անգամ ավելի շատ միջնորդավճար են գանձում՝ կոմունալ վճարումների համեմատ։ Ինչո՞ւ է կապի օպերատորների դեպքում միջնորդավճարն ավելի բարձր, Telcell-ից «Ազատության» այս հարցին դեռ չեն արձագանքել:

Մինչ շուկայի խոշոր խաղացողների վեճը չի հանգուցալուծվում, վճարային ծառայություններ մատուցողները պնդում են, որ օպերատորների՝ պայմանագրերը միակողմանի չեղարկելու որոշումը կարող է խախտել արդար մրցակցության սկզբունքները։ Այդ պատճառով դիմել են մրցակցության ու սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին։



XS
SM
MD
LG