Տարեցների խնամքի կենտրոնում՝ «Հույս օջախ» մասնավոր հաստատությունում խոստանում են շուրջօրյա խնամք, խնամակալի ու բուժքրոջ, հոգեբանի մշտական հոգատարություն և այս ամենը ամսական 120 հազար դրամով: «Ազատության» հետ զրույցում, սակայն, տարեցները դժգոհեցին պայմաններից:
«Ազատության» 56-ամյա զրուցակցին, որ անբուժելի հիվանդություն ունի, Ռուսաստանում ապրող ընկերներն են ֆինանսապես աջակցել. նա եկել է այս խնամքի կենտրոն՝ մտածելով, որ նորմալ կսնվի, բուժքույր կլինի՝ առողջական վիճակը հսկողության տակ կլինի, մաքուր կապրի:
«Շատ լավ է, մի ամսվա մեջ մի անգամ եմ լողացել, ինչի՞ համար, որ գազի փողը չի տրվել, գազերը անջատել են», - ասաց նա:
Մազ կտրել, սափրվել՝ սրանք ոչ թե ընթացիկ հարցեր են, այլ ուղղակի մարտահրավեր առանց այդ էլ ուժասպառ այս մարդկանց համար:
«Դառել ենք ապաչի՝ երկար մազերով, թրաշով», - հավելեց տղամարդը:
Սննդի մասին էլ ասաց. «2 ձու՝ առավոտ, ցերեկը՝ հաց ու հաց՝ փլավ ու հաց, պրազդնիկից պրազդնիկ սասինսկի»:
«Հույսի օջախի» տնօրենը տեղում չէր: Պատմեցին, որ երկու շաբաթ առաջ իրավապահները տարել են նրան ու կալանավորել: Քննչական կոմիտեից տեղեկացրին՝ քրեական գործը խնամքի հաստատության հետ կապ չունի: Խնամքի կենտրոնում, սակայն, պատմեցին, որ այժմ իրավապահների ուշադրության տակ նաև այստեղ ստեղծված իրավիճակն է: Ոստիկանությունից են եկել ու հարցուփորձ արել բնակիչներին ու միակ աշխատողին՝ խոհարարին: Նա էլ հաստատեց՝ սնունդ կա՛մ չի եղել, կա՛մ շատ քիչ:
Տիկին Գայանեն պնդեց՝ ինքն էլ աշխատում է փող չստանալով, մոտ 15 հոգու ինքն ու դուստրն են խնամել, բժիշկ մշտական չկա, եթե պետք է եղել, կանչող չի գտնվել, մի պապիկ այդպես մահացավ վերջերս:
Հարցին, թե խնամվողների հարազատները տեղյակ չէի՞ն, թե ինչ վիճակ է, խոհարարը պատասխանեց՝ բողոքներ եղել են, մի երեք հոգու եկել, հետ են տարել տուն:
Խնամվողներից մեկն էլ ասաց, որ այլ խնամքի տների համեմատ այստեղ էժան է, ահա թե ինչու բնակիչների պակաս չի եղել, հիմնականում հոգեկան առողջության խնդիրներով մարդիկ են, որ պայմաններից չեն դժգոհում հասկանալի պատճառով: Իսկ գումարն ուշացնողները, պատմում են, հայտնվել են կա՛մ դրսում, կա՛մ քնել են նստած:
Ջերմություն ու հոգատարություն խոստացող խնամքի կենտրոնը երբևէ պետության դիտարկման ներքո հայտնվե՞լ է. Առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչները պիտի հետևեին, որ խնամքի ծառայություն մատուցող այս կենտրոնում իսկապես ծառայություն մատուցվեր այնպես, որ այդ խնամքը մարդկանց կյանքն ու առողջությունը չվտանգեր:
Տեսչական մարմնի ղեկավաարի տեղակալ Թագուհի Հակոբյանն «Ազատությանը» փոխանցեց՝ Աշխատանքնի և սոցիալական հարցերի նախարարությունը պիտի հաստատի չափորոշիչները, իրենք էլ գնան, ստուգեն, իսկ չափորոշիչները չկան, մինչև այդ կարող են ստուգման գնալ ըստ ահազանգի միայն:
«Խնամքի կենտրոնների նկատմամբ այդպիսի նորմ՝ կլինի չափորոշիչ, կլինի հանրային առողջապահական նորմատիվ հաստատված չկա», - ասաց Հակոբյանը:
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ակտիվ սպորտով է զբաղվում, «Քաղաքացիական պայմանագրի» «Ուրախ ավտոբուսի» մշտական ուղևոր է: Երկիրն ու այստեղ ապրողներին երջանիկ է ուզում տեսնել:
Իսկ ինչո՞ւ չկան չափորոշիչներ խնամքի կենտրոնների համար, ե՞րբ կլինեն. այս հարցերով դիմեցինք Արսեն Թորոսյանի խոսնակին, պատասխան չունենք:
Վերջին օրերին մի քանի կարեկից մարդիկ, լսելով, որ «Հույսի օջախում» անհույս ու անխնամ մարդիկ կան, եկել են, սնունդ բերել ու վարսավիր հրավիրել: