Մատչելիության հղումներ

«Մի ամբողջ համայնք խաբվել է». ֆեյք կուսակցականությո՞ւն Ստեփանավանում

ՏԻՄ ընտրությունները Ստեփանավանում, 25-ը հոկտեմբերի, 2026թ.
ՏԻՄ ընտրությունները Ստեփանավանում, 25-ը հոկտեմբերի, 2026թ.

Ֆեյք կուսակցականությո՞ւն Ստեփանավանում, թե՞ խնամքով թաքցրած կեղծիք։ Ընտրություններից երեք օր անց իշխանությունները հայտարարեցին՝ հաղթած «Գործարար» կուսակցության հետ նախապես պայմանավորվել էին, ու միասին են ձևավորելու տեղական իշխանությունը։

«Համաձայն նախօրոք ձեռք բերված փոխըմբռնման՝ Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին։ Ընտրական տեխնիկական պահանջների բերումով պրն. Գրիգորյանը ստիպված է եղել սառեցնել անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որն ապասառեցնելու համար արդեն համապատասխան դիմում է ներկայացրել։ Ընդգծեմ, որ չենք պատրաստվում համայնքի ավագանում ձևականորեն հանդես գալ որպես երկու տարբեր խմբակցություն, այլ հանդես ենք գալու որպես միասնական «Քաղաքացիական պայմանագիր»», - հայտարարեց Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը:

Մինչդեռ իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանն ուսումնասիրել ու պնդում է, որ «Գործարար» կուսակցությունն ընտրատարածքային հանձնաժողով է ներկայացրել թեկնածուների կուսակցական պատկանելիության մասին ոչ ճշգրիտ տվյալներ, ինչն օրենքով հիմք էր կուսակցության գրանցումը մերժելու համար։

«Ինքը էս պրոցեսը ամբողջությամբ ֆեյք կուսակցականության և քաղաքականության մասին է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Քոթանջյանը՝ ընդգծելով. - «Ֆեյք կուսակցական և քաղաքական իրողությունների կանխարգելողը և հանրությանը խաբելու գործընթացում կանխարգելողը պետք է լիներ ընտրական պրոցեսները կազմակերպող մարմինը»:

«Գործարար»-ի 35-հոգանոց ցուցակի առնվազն 9 թեկնածու փաստացի ոչ թե հենց «Գործարար»-ի անդամներ են, այլ անկուսակցական են կամ «Քաղաքացիական պայմանագրի» անդամներ։ Սա օրենքով թույլատրելի առավելագույն շեմն է։ Սակայն Լոռու մարզպետն ու քաղաքապետի թեկնածու Արմեն Գրիգորյանը պնդում են, թե մի շարք թեկնածուներ՝ այդ թվում Գրիգորյանն ու իր տեղակալը, ընդամենը «սառեցրել էին» իրենց անդամակցությունը ՔՊ-ին, հետևաբար՝ կարող էին հանդես գալ որպես անկուսակցական կամ իշխող ՔՊ-ի անդամ։ «Գործարար» կուսակցության անունից է հանդես եկել անգամ Ստեփանավանի ավագանու ՔՊ խմբակցության փորձագետը։

Գևորգ Քոթանջյանն այստեղ լուրջ կեղծիք է նկատում, գործող քաղաքապետը, մինչդեռ, ոչ մի խնդիր չի տեսնում:

«Դե, օրինակ, երկրորդ համարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է եղել, օրինակ... ու առնվազն մի 10-15 հոգի, էլի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում նրանք չեն նշվել որպես ՔՊ անդամներ. - «Էդ պահին սառեցրել են անդամակցությունը: Հա, իհարկե, բոլորը անդամակցությունը սառեցրել են: Ընդունվել են «Գործարար» կուսակցություն էն թեկնածուները, ովքեր որ կուսակցական պատկանելիություն չեն ունեցել: Ես էսօր առաջարկությունը ստացել եմ նորից միանալու և շատ մեծ ուրախությամբ, շատ մեծ ոգևորությամբ ընդունել եմ էդ առաջարկությունը»:

Արդյո՞ք անդամակցության սառեցումը նշանակում է դուրս գալ կուսակցությունից, և հնարավո՞ր է մի կուսակցությունում անդամակցությունը սառեցնելով՝ դառնալ մեկ այլ կուսակցության անդամ։ ՏԻՄ փորձագետ Գևորգ Քոթանջյանն իրավիճակը համեմատում է ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցման հետ, երբ սառեցված է ակտիվ գործունեությունը, բայց դադարեցված չէ անդամակցությունը:

«Այսինքն՝ սառեցումը դա կուսակցությունից դուրս գալ չէ: Սա պետք է որ հիմք լիներ՝ չգրանցել կուսակցությանը, որը որ փաստացի չի արվել, և պատշաճ հսկողություն չի իրականացվել, որը է՛լ ավելի շատ կասկածներ է առաջացնում ընտրական պրոցեսների մասով և անվստահություն է հաղորդում ընտրական պրոցեսների նկատմամբ», - նշեց փորձագետը:

Արդյո՞ք տարածքային ընտրական հանձնաժողովը պատշաճ քննել է գրանցման փաստաթղթերը։ Օրենքը պահանջում է, որ ցուցակի առնվազն 70 տոկոսը լինի տվյալ կուսակցության անդամ։ Արմեն Գրիգորյանի ցուցակում նույնիսկ մեկ այլ կուսակցության անդամի առկայությունը խախտում կլիներ, ինչից էլ, Քոթանջյանի գնահատմամբ, փորձել են խուսափել՝ ներկայացնելով ոչ իրական տվյալներ. - «Փաստացի գրանցվել է, և ստացվում է, որ սրանով մի ամբողջ համայնք, կարելի է ասել, խաբվել է»:

Քաղաքական այս խառնաշփոթը բացահայտվեց, երբ Լոռու մարզպետը երեկ հայտարարեց, որ ավագանիում ձևականորեն երկու խմբակցություն չեն դառնա, այլ հանդես կգան միասնական՝ որպես ՔՊ խմբակցություն։ Իսկ Արմեն Գրիգորյանն արդեն խոստովանում է՝ դեռ ընտրություններից առաջ հենց ՔՊ վարչությունն է իրեն առաջարկել գլխավորել «Գործարար»-ի ցուցակը, ու նախապես պայմանավորվել են՝ ով շատ ձայն հավաքի, նա էլ կղեկավարի քաղաքը ՔՊ-ի անունից։

«Ասել եմ, միանշանակ ասել եմ, իմ գործընկերները՝ հարյուրավոր գործընկերներ, բոլորը գիտեն, ես դա հայտարարել եմ», - վստահեցրեց Գրիգորյանը՝ շարունակելով. - «Ես իմ ընտրողներին ասել եմ, որ «ամենակարևորը՝ դուք ընտրում եք ինձ՝ որպես Գրիգորյան Արմեն, և ես իշխանությունների հետ աշխատում եմ»: ... Էսօր կա իշխանություն, կա Կառավարություն, ում հետ որ համար մեկ կարևորություն եմ համարում համագործակցելը հանուն համայնքի, հանուն համայնքի բնակչի»:

Սա՝ այսօր։ Մինչդեռ քարոզարշավի թեժ օրերին Գրիգորյանը հերքում էր, թե որևէ մի քաղաքական ուժի հետ միանալու մտադրություն ունի:

«Պարոն Գրիգորյանը չի պատրաստվում որևիցե մեկին ձայները տա, թող եթե ցանկություն ունեն, մեզ կմիանան, իսկ մենք բացարձակապես էդ խնդիրը չունենք», - հայտարարում էր Ստեփանավանի գործող համայնքապետը:

Նախկինում իշխանության ներկայացուցիչների հետ հանրային միջոցառումներին մասնակցող Արմեն Գրիգորյանի կողքին քարոզարշավի օրերին բարձրաստիճան պաշտոնյաներ չկային։ Գրիգորյանը նրանց հետ հանրային հանդիպումներում չէր երևում՝ ի տարբերություն ընտրություններից հետո արված հայտարարությունների, երբ խոսվեց արդեն իշխանական լինելը «ապասառեցնելու» մասին։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG