Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի երկու կառավարամետ հեռուստաալիքների նկատմամբ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի երկու կառավարամետ հեռուստաալիքների նկատմամբ՝ մեղադրելով նրանց Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին վերաբերող կանխամտածված և սխալ տեղեկատվություն տարածելու մեջ։

Մասնավորապես Մեծ Բրիտանիան մեղադրում է Imedi-ին և Postv-ին այնպիսի «ապատեղեկատվություն տարածելու մեջ, որոնք խաթարում են Ուկրաինայի կայունությունը կամ սպառնում նրա տարածքային ամբողջականությանը»։

Ըստ հաղորդագրության՝ հատկապես Imedi ալիքի տարածած տեղեկությունում Ուկրաինայի կառավարությունը ներկայացվել է որպես «ոչ լեգիտիմ» կամ «Արևմուտքի խաղալիք»։

Վրացական Imedi-ն պատժամիջոցներն անվանել է «անարժեք» և հայտարարել, որ շարունակելու է ծառայել վրաց ժողովրդին։ Postv-ի հիմնադիր Շալվա Ռամիշվիլին էլ Ֆեյսբուքում հրապարակած գրառման մեջ դատապարտել է որոշումը՝ ենթադրելով, որ Լոնդոնն այդ քայլին դիմել է, քանի որ լրատվամիջոցը չի հայտարարում, թե «Ուկրաինան հաղթում է Ռուսաստանին»։

Այս պատժամիջոցները ենթադրում են Բրիտանիայում ալիքների սեփականություն հանդիսացող ակտիվների և գույքի սառեցում։
Imedi-ն մինչև վերջերս պատկանում էր Բրիտանիայում բնակվող վրացական ծագումով ԱՄՆ քաղաքացի Իրակլի Ռուխաձեին, որն այս ամիս վաճառել է Imedi-ում իր բաժնետոմսերը «Prime Media Global» ընկերությանը։

XS
SM
MD
LG