«Աղետ»,- Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը այսպես՝ մեկ բառով բնութագրեց կիրակի օրը կայացած տեղական ընտրությունների արդյունքները։
«Մենք այսօր երկու ընտրությունների շատ տարբեր արդյունքների ականատեսը դարձանք։ Մեկլենբուրգ-Վերին Պոմերանիայում Քրիստոնեա-դեմոկրատական միությունը ջախջախվեց՝ սոցիալ-դեմոկրատների և աջերի բևեռացման զոհը դառնալով։ Բեռլինում մեր թեկնածուն, չնայած ծանր կացությանը, կարողացավ ակտիվորեն ներգրավվել նախընտրական արշավում, և մեր կուսակցությունը հարգանքի արժանի թվով քվեներ ստացավ», - հայտարարում էր Մերցը։
Գերմանական կառավարության ղեկավարի կոշտ բնորոշումները նախևառաջ վերաբերում էին, իհարկե, երկրի հյուսիսում գտնվող Մեկլենբուրգ-Վերին Պոմերանիա դաշնային երկրամասի տեղական խորհրդարանի՝ լանդթագի ընտրությունների արդյունքներին։
Սրանք 1949 թվականից ի վեր Գերմանիայում կայացած առաջին երկրամասային ընտրությունները դարձան, որոնց արդյունքում Քրիստոնեա-դեմոկրատական միությունը չկարողացավ հաղթահարել 5 տոկոսի շեմը։ Փոխարենը՝ Բալթիկ ծովի ափին գտնվող այս տարածաշրջանում երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեցին «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ կուսակցության անդամները։ Սեպտեմբերի 6-ին Սաքսոնիա-Անհալթում 44 տոկոս ստանալուց հետո, գերմանացի աջերին երեկ հաջողվեց գրեթե կրկնել այդ ցուցանիշը՝ ստանալով ընտրողների 38 տոկոսի քվեները։ Նրանց ընդամենը 3 տոկոսով զիջեցին սոցիալ-դեմոկրատները։ Այս կուսակցության հաջողության գլխավոր գրավականն, ըստ գերմանական մամուլի, տեղացի սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Մանուելա Շվեզիգի բարձր վարկանիշն էր։
«Ամենասկզբից էլ մենք վստահ էինք, որ չնայած այն իրողությանը, որ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը շատ ուժեղ դիրքեր ունի հատկապես երկրի արևելքում, միևնույն է, նրանց դեմ հնարավոր է հաջողությամբ պայքարել։ Եվ մենք կարողացանք դա անել», - հայտարարում էր Շվեզիգը։
Ամենայն հավանականությամբ՝ 52-ամյա սոցիալ-դեմոկրատ գործչին կհաջողվի պահպանել Մեկլենբուրգ- Վերին Պոմերանիայի երկրամասային կառավարության ղեկավարի պաշտոնը՝ այս անգամ արդեն ոչ թե քրիստոնյա-դեմոկրատների, այլ լանդթագ անցած ձախերի և կանաչների հետ կոալիցիա կազմելով։
Կիրակի օրը Բեռլինում կայացած ընտրությունների հաղթողը Արևելյան Գերմանիայի կոմունիստական կուսակցության իրավահաջորդ համարվող ձախերն էին՝ ազգությամբ թուրք Էլիֆ Էրալփի գլխավորությամբ։
«Այսօր հաղթեց Բեռլինի միասնական տեսլականը։ Այս տեսլականի հիմքը մատչելի Բեռլինն է։ Մայրաքաղաքը պետք է մատչելի լինի բոլորի համար՝ առանց որևէ խտրության», - հայտարարում էր բեռլինցի ձախերի առաջնորդը։
Նախնական տվյալների համաձայն՝ կիրակնօրյա ընտրություններում մայրաքաղաքում անշարժ գույքի ուռճացված գների դեմ պայքարի կարգախոսի ներքո ընտրություններին մասնակցած ձախերին հաջողվել է ստանալ քվեների 25 տոկոսը։ Իշխող քրիստոնյա-դեմոկրատները երկրորդն են՝ ձայների մոտ 20 տոկոսով։ Երրորդ հորիզոնականում կրկին ծայրահեղ աջերն են։ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը մայրաքաղաքում ստացել է ընտրողների ավելի քան 16 տոկոսի աջակցությունը։ Ամենից շատ քվեներ գերմանացի ազգայնականները կարողացել են հավաքել Բեռլինի արևելյան թաղամասերում՝ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության երբեմնի մայրաքաղաքի տարածքում։
Կիրակնօրյա ընտրություններից հետո Գերմանիայի քաղաքական դաշտում ամենից հաճախ հնչող հարցը մեկն է՝ արդյո՞ք Ֆրիդրիխ Մերցը իր կուսակցության երեք ընտրական պարտություններից հետո կշարունակի պաշտոնավարել։ Մերցի պատասխանը կտրուկ էր՝ չնայած միմյանց հաջորդող անհաջողություններին, ինքը կանցլերի պաշտոնը թողնել չի պատրաստվում։ Այսօր առավոտյան, սակայն, իշխող կուսակցության կենտրոնական գրասենյակում դռնփակ քննարկումներ մեկնարկեցին, որոնց հիմնական նպատակը ճգնաժամից ելքեր որոնելն է։
Գերմանիայի քաղաքական դաշտը ցնցած աջ ազգայնականները, մինչդեռ, վստահ են՝ քրիստոնյա-դեմոկրատների հաղթանակների դարաշրջանն անցյալում է։
«Ես միշտ էլ ասել եմ՝ Քրիստոնեա-դեմոկրատական միությունը պետք է զգույշ լինի, որպեսզի չկորցնի իր անպարտելիության իմիջը։ Կիրակնօրա ընտրությունները ցույց տվեցին, որ դա տեղի է ունեցել։ Ինձ թվում է, որ Մերցին չի հաջողվի պաշտոնավարել մինչև տարեվերջ։ Նրա վարչապետության մայրամուտը սկսվել է», - այսօր Բեռլինում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարում էր «Ալընտրանք Գերմանիայի համար» կուսակցության Մեկլենբուրգ-Վերին Պոմերանիայի երկրամասային կառույցի ղեկավար Լեյֆ-Էրիկ Հոլմը։