Մատչելիության հղումներ

Մասկին կանչել են Ֆրանսիայի դատախազություն՝ X-ի գործի շրջանակում

Ակնկալվում է, որ միլիարդատեր Իլոն Մասկն այսօր կներկայանա ֆրանսիական դատախազություն․ հարցաքննությունը վերաբերում է X հարթակին և դրա արհեստական բանականության չաթբոթին՝ Grok-ին։

Փարիզի դատախազության կիբերհանցագործությունների բաժինն էր խուզարկել սոցիալական հարթակի ֆրանսիական գրասենյակը՝ կասկածելի տվյալների ապօրինի հավաքագրման հետաքննության շրջանակում։ Հետագայում գործը ընդլայնվել էր՝ ներառելով նաև երեխաների պոռնոգրաֆիայի տարածմանը հնարավոր մասնակցության և Grok-ի միջոցով սեռական բնույթի դիփֆեյքերի ստեղծման կասկածներ։

Մասկն ավելի վաղ հերքել էր նախնական մեղադրանքները՝ հայտարարելով, որ ֆրանսիական դատախազությունը վարում է «քաղաքական դրդապատճառներով քրեական հետաքննություն»։

Մասկի կողմից X-ի ձեռբերքումից հետո այս հարթակը հայտնվել է մի շարք երկրների կարգավորող մարմինների ուշադրության կենտրոնում․ քննության առարկա են դարձել բովանդակության մոդերացիան, տվյալների օգտագործման գործելակերպը և տեղական օրենքներին համապատասխանությունը։

The Wall Street Journal-ը շաբաթ օրը հաղորդել էր՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունը նամակ է ուղարկել Փարիզի դատախազությանը՝ նշելով, որ չի համագործակցելու այս հետաքննության շրջանակում, քանի որ այն համարում է քաղաքական դրդապատճառներով։

«Ֆրանսիայի սահմանադրությունը երաշխավորում է իշխանությունների տարանջատումը և դատական համակարգի անկախությունը,- ի պատասխան հայտարարել է Փարիզի դատախազությունը։

XS
SM
MD
LG