Մասիսում ՔՊ թեկնածուն ապօրինի գույքի գործով անցնող նախկին պաշտոնյայի որդին է

Մասիսի համայնքապետի «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Հովհաննես Հակոբյան, Մասիս, 24-ը նոյեմբերի, 2026թ.
Մասիսի համայնքապետի «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Հովհաննես Հակոբյան, Մասիս, 24-ը նոյեմբերի, 2026թ.

Մասիսի համայնքապետի ընտրություններում իշխող «Քաղաքացական պայմանագիր» կուսակցության թեկնածուն ապօրինի գույքի գործով անցնող նախկին հանրապետական Սաշա Հակոբյանի որդին է: Սաշա Հակոբյանը Մասիսի քաղաքապետն է եղել նախկին իշխանությունների օրոք տասը տարուց ավելի:

«Ինչքան էլ տարօրինակ լինի, որ իմ հայրս միգուցե և նախկինում է պաշտոնավարել, և ժողովուրդը իր ձայնը տվել է, որ պաշտոնավարել է, ես տեսնում եմ նախկին ու ներկա տարբերությունը մեր երկրի, մարդկանց, մարդկանց ազատության, նույնիսկ կոռուպցիաների», - հայտարարում է Հովհաննես Հակոբյանը:

Գլխավոր դատախազությունը համարում է, որ ՔՊ թեկնածուի հոր գույքը նախկին բազմաթիվ պաշտոնյաների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Միքայել Մինասյանի, Գագիկ Խաչատրյանի, Հովիկ Աբրահամյանի, Վլադիմիր Գասպարյանի և մյուսների ունեցվածքի պես ապօրինի է, երեք տարի առաջ դիմել է Հակակոռուպցիոն դատարան, որ բռնագանձեն ու պետությանը վերադարձնեն տասնյակ միլիոններ:

«Դատախազությունը դիմել է պարզելու՝ օրինական է՞, թե՞ ոչ:. Ես ինքս համոզված եմ, որ օրինական է: Իսկ օրենքը շատ շուտով կբացահայտի, որ օրինական է, կարծում եմ», - ասաց համայնքապետի թեկնածուն:

Ինչպե՞ս է ստացվել, որ Սաշա Հակոբյանի որդին գլխավորում է այն կուսակցության ցուցակը, որի առաջնորդը մերժում է հանրապետականներին, նախկիններին, նրանց թալանչիներ որակում ու խոստանում «բոլոր թալանչիների ունեցվածքը հատիկ-հատիկ ժողովրդին վերադարձնել»:

«Դա բացարձակ կապ չունի, թե իմ հայրս ինչ է եղել նախկինում: Ինձ Էսօր հետաքրքրում է էսօրվա կարգավիճակը, ու էսօրվա կարգավիճակը ամենակարևորը մեր համայնքի, ու ես ինքս եմ որոշել ու ինքս եմ ստացել ու միանձնյա ես եմ որոշել, որ ես պիտի մտնեմ ընտրապայքարի», - նշեց Հովհաննես Հակոբյանը:

Գլխավոր դատախազությունը պահանջում է Սաշա Հակոբյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից բռնագանձել 15 անշարժ գույք, որ Արարատի մարզում է, Դատախազության հաշվարկով՝ դրա արժեքը 288 մլն դրամից ավելի է: Սրանից բացի՝ ևս 58 միլիոն դրամ: Գործը Հակակոռուպցիոն դատարանը երեք տարի է քննում է, հերթական նիստը Մասիսի ընտրությունների հաջորդ օրն է՝ դեկտեմբերի 14-ին:

«Քանի դեռ դատավճիռ չկա, որևէ մեկը իրավունք չունի, կարծում եմ, մեղադրելու: Եվ կարծում եմ, համոզված եմ՝ արդարությունը ի վերջո կհաղթի, որովհետև մասիսցիները բոլորն էլ տեղյակ են, որ մենք շատ կարողություն ենք ունեցել դրսում, այսինքն՝ մինչև 99 թվականը մենք ապրել ենք Էստոնիայում», - ասաց ՔՊ թեկնածուն:

Հովհաննես Հակոբյանն ասում է՝ հայրը պաշտոնավարել է ժողովրդի քվեով, ինքն էլ լավ գիտի նախկին ու գործող կառավարման տարբերությունը:

ՔՊ թեկնածու Հովհաննես Հակոբյանը Մասիսի անձնագրային բաժնի պետն է, այս պաշտոնին է նշանակվել Սերժ Սարգսյանի իշխանության օրոք: Կարծում է՝ մասիսցիները իրեն էլ կընտրեն՝ հենց այս ոլորոտում արած, իր բառով՝ հեղափոխության շնորհիվ:

Փաշինյանի օրոք դպրոցներ են կառուցվում, մանկապարտեզներ, ճանապարհներն ասֆալտապատվում են, հպարտանում է այս օրերին Մասիսի թաղերում ու համայնքներում շրջող թեկնածուն: Իսկ ինչո՞ւ այդ ճանապարհները չէին ասֆալտապատվում, երբ իր հայրն էր քաղաքապետը, ի՞նչն էր խանգարում:

«Սաշա Հակոբյանը չէր կարող ախր կառուցել, դա պետությունը պիտի կառուցի,
պետությունն է կառուցում, Սաշա Հակոբյանը ո՞րտեղից պիտի կառուցեր, իրա գրպանի՞ց: Հետևաբար՝ եթե Մասիսում, համայնքում գործ է կատարվում, կարծում եմ՝ բոլորը քաջատեղյակ են, որ ոչ մեկ իր անձնական գրպանից չի կատարում, ու պետք չի դա վերագրել որևէ անձի: Դա պետությունն է, պետության շնորհքն է, ու մենք մեր պետության մասնիկն ենք ու հետևաբար մենք կառուցելու ենք», - հայտարարեց ՔՊ թեկնածուն:

Ըստ Հակոբյանի՝ Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի պատճառով է, որ հայրը Մասիսը չի բարեկարգել, հիմա կառուցվում է Նիկոլ Փաշինյանի շնորհիվ:

Մասիսի համայնքապետի «Կառուցող» դաշինքի թեկնածու Դավիթ Համբարձումյան, Մասիս, 24-ը նոյեմբերի, 2026թ.
Մասիսի համայնքապետի «Կառուցող» դաշինքի թեկնածու Դավիթ Համբարձումյան, Մասիս, 24-ը նոյեմբերի, 2026թ.

Մասիսում «Քաղաքացիական պայմանագրի» միակ մրցակիցը Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Դավիթ Համբարձումյանն է, որ 2021-ի ընտրություններում հաղթեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմին:

«Էդ երկրի կամքն է՞ եղել, որ աղբավայրը 15 տարի շահագործում են, թունավորում են ժողովրդին, ու էս քանի տարի է դատարանում ենք: Հիմա էլ հո Սերժ Սարգսյանի իշխանությունը չի, դիմել ենք դատարան, ասում ենք՝ «փակեք էդ աղբավայրը»: Էդ էլ է՞ր կամքի խնդիր, թե՞ ագահության, թե՞, չգիտեմ, շահի խնդիր էր՝ աղբավայրից գումար աշխատելու: Աղբավայրը իրենցն է՝ արդեն երևի մի 15-20 տարի իրենցն է», - ասաց Համբարձումյանը:

«Կառուցող» դաշինքի թեկնածուն մրցակցի քննադատությանը հակադարձում է՝ հիշեցնելով նրա հոր կառավարման տարիները, որ, ըստ նրա, ցեխի մեջ էր Մասիսը:

«Թող իրենք ասեն, իրա հերը մի փողոց ընդամենը, որ Մասիս քաղաքում, ինքը դե քաղաքի քաղաքապետն է եղել, գյուղերը իրան, խոշորացված էն ժամանակ չի եղել, թող մատնանշեն մի փողոց, որտեղ էս մարդիկ ասֆալտ են արել: Իրա հոր փողոցը մենք ենք ասֆալտապատել», - հայտարարեց Համբարձումյանը:

ՀՀԿ-ական Համբարձումյանը Մասիսի համայնքապետի պաշտոնում աշխատեց մինչև չորս տարի, հետո կալանավորվեց Փաշինյանի առաջնորդած հեղափոխության օրերին հարուցված քրեական գործով, նրան փոխարինեց իր թիմից Նորայր Հակոբյանը: Չորս ամիս բանտում անցկացրեց, մինչև հունիս էլ տնային կալանքի տակ էր: Համբարձումյանը մեղավոր է ճանաչվել ցուցարարների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար, դատարանը նրան վեց տարվա ազատազրկման է դատապարտել:

Նա բողոքարկում է դատարանի որոշումը: Վստա՞հ է, որ մինչև քվեարկության օրը՝ դեկտեմբերի 13-ը, նորից չի կալանավորվի: «Չեմ կարող ասել, անկեղծ», - հարցին արձագանքեց թեկնածուն:

Իսկ մինչև բուն ընտրապայքարը Փաշինյանի թիմից առաջարկե՞լ են ընդդիմադիր թեկնածուին համերաշխության դաշինք կազմել, ինչպես արեցին Գորիսում: ՀՀԿ-ականը պնդում է, որ համագործակցության առաջարկը մերժել է. - «Այո, եղել է: Չեմ ուզում պատմել, բայց եղել է: Այո, եղել է, առաջարկ եղել է, մերժել եմ: Առաջարկ եղել է, որ քննարկենք էդ [իր՝ ցուցակը գլխավորելու] հարցը, մերժել եմ»:

Իշխանության թեկնածուն ասում է՝ ընդդիմադիր «Կառուցող» դաշինքի հետ համագործակցելու մասին ոչինչ չի լսել, տեղյակ չէ:

​
XS
SM
MD
LG