Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» նպատակաուղղված է 2026 թվականի ԱԺ ընտրություններից հետո սահմանադրական մեծամասնություն ունենալ, իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու գործարարներ Գագիկ Ծառուկյանին և Սամվել Կարապետյանին պետք է զրո քվե տրվի, հայտարարում է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Մարդիկ Քոչարյանին և երկու օլիգարխներին պիտի տան զրո քվե», - ասաց նա:
Ռուբինյանը շեշտեց՝ ընտրություններում հետընտրական կոալիցիաներ ստեղծելը հանցագործություն չէ, սակայն կաշառակերությունն է հանցագործություն, իսկ ինքը վստահ է, որ եթե Քոչարյանի, Ծառուկյանի ու Կարապետյանի գլխավորած ուժերը միասնական իշխանություն ձևավորեն, կաշառակերության մեղադրանքով ոչ ոք չի ձերբակալվի:
«Մենք համարում ենք, որ Քոչարյանի և երկու օլիգարխների իշխանության գալը վատ բան է, և դա պետք է կանխել։ Արդյո՞ք դա հանցագործություն է ինքնին։ Եթե արդար ընտրվեն, հանցագործություն չէ, բայց շատ վատ բան է, որ օրինակ, Վարդանիկը (Վարդան Ղուկասյան-խմբ.) ընտրվեց Գյումրու քաղաքապետ, երբ որ քոչարյանական և սերժսարգսյանական և ռուսաստանցի օլիգարխական մի քանի ուժեր բաժանվեցին մի քանի բլոկերի, և հետընտրական համագործակցությամբ Վարդանիկը ընտրվեց քաղաքապետ, ինչը ինքնին հանցագործություն չէր, բայց դրանից ուղիղ վեց ամիս անց Վարդանիկը ձերբակալվեց կաշառակերության մեղադրանքով», - ասաց նա։
Իշխանական շրջանակներում կրքերը էլ ավելի բորբոքվեցին, երբ ընտրություններին Գագիկ Ծառուկյանի հետ մասնակցելու մասին հայտարարած «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդը պնդեց՝ «Գյումրի 2 են անելու»: Մոտ մեկ տարի առաջ Գյումրիում ընդդիմադիր ուժերը միավորվեցին, որ քաղաքապետ դառնա կոմկուսի թեկնածու, ընդդիմադիր Վարդան Ղուկասյանը, սակայն, քաղաքային իշխանության մաս չդարձան:
Փաշինյանի հայտարարությունից հետո, թե հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների արդյունքում «բոլոր նախկին իշխանությունները և օլիգարխները վերջնականապես և անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից», նրա կուսակիցները սկսեցին թիրախավորել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Սամվել Կարապետյանին՝ նրան ներկայացնելով որպես «ռուսաստանցի օլիգարխ» և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ վերջինիս էլ որակելով «տեղական օլիգարխ»: Ծառուկյանն ընտրություններին մասնակցելու է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությամբ:
«Ի՞նչ կլինի տարբերությունը, եթե Քոչարյանն ու երկու օլիգարխները, տարբեր բլոկների բաժանված, հաջողեն ստանալ մարդկանց մեծամասնության քվեն և գան իշխանության։ Կաշառակերության մեղադրանքով ոչ ոք չի ձերբակալվի, որովհետև ինչպես իրենց իշխանության տարիներին, այդպես էլ այդ ժամանակ իրենք չեն թողնի, որպեսզի իրավապահները անեն իրենց գործը», - հավելեց Ռուբեն Ռուբինյանը:
Դիտարկմանը, որ իրենց թիմակիցներն էլ, օրինակ՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը, անցնում են տարբեր գործերով, իշխանական պատգամավորը հակադարձեց, որ իրենք մերժում են կոռուպցիան:
Ռուբինյանը շեշտեց՝ 26 թվականի ընտրություններից հետո իրենց պատկերացմամբ ինչպես Ռոբերտ Քոչարյանը, այնպես էլ բոլոր օլիգարխները պետք է դուրս մղվեն քաղաքական դաշտից և խորհրդարանից։
Ընդդիմությունից պնդում են՝ «Գյումրի 2»-ի սցենարը անհանգստացնում է իշխանություններին: Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը իշխանությանը հորդորել էր Նոստրադամուսին կամ Վանգային բնորոշ գուշակություններով չզբաղվել և հանգիստ սպասել ընտրությունների արդյունքներին։
««Գյումրի 2» ձևակերպումը ինչո՞ւ է ցնցումների մեջ գցում իշխանության ներկայացուցիչներին, որքանով ես տեղյակ եմ, որևէ հակասահմանադրական, որևէ հակաօրինական գործընթացներ տեղի չեն ունեցել ընտրական և հետընտրական գործընթացներում», - «Ազատությանն» ասել էր նա: