Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը կայցելի Սիրիա՝ քննարկելու Փարիզի և Դամասկոսի միջև երկկողմ հարաբերություններն ամրապնդելու ուղիները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, հայտնում է Սիրիայի նախագահի մամուլի ծառայությունից:
Մակրոնը՝ ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչների և ներդրողների պատվիրակության ուղեկցությամբ, կլոր սեղան քննարկում կանցկացնի Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի և սիրիական պատվիրակությունների հետ։ Հաղորդվում է, որ քննարկումների ընթացքում անդրադարձ կլինի նաև «տարածաշրջանային և միջազգային» զարգացումներին:
Այցի ժամկետների մասին չեն հաղորդում:
Ալ-Շարաան պաշտոնական այցով Ֆրանսիայում 2025-ի մայիսին էր եղել, հանդիպել և բանակցություններ վարել նախագահ Մակրոնի հետ։
Սիրիա վերջին անգամ այցելած Ֆրանսիայի նախագահը Նիկոլա Սարկոզին էր՝ 2009 թվականին։