ՄԱԿ-ի դատարանը առաջին անգամ պետությանը՝ Մյանմային մեղավոր է ճանաչել ցեղասպանության համար

Նիդերլանդներ - Նախագահող դատավոր  Յուձի Իվասավան հրապարակում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճիռը, Հաագա, 19-ը նոյեմբերի, 2026թ.
Նիդերլանդներ - Նախագահող դատավոր Յուձի Իվասավան հրապարակում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճիռը, Հաագա, 19-ը նոյեմբերի, 2026թ.

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը որոշել է, որ 2017 թվականին ռոհինջա մահմեդական փոքրամասնության նկատմամբ կատարված զանգվածային սպանությունները և բռնությունները ցեղասպանություն էին, որի համար պատասխանատվություն է կրում Մյանման որպես պետություն:

ՄԱԿ-ն իր հաղորդագրությունում ընդգծում է, որ առաջին անգամ ցեղասպանության համար պատասխանատու է ճանաչվում պետությունը:

Նախկինում միջազգային դատարանը որպես ցեղասպանության ապացուցված փաստեր էր ճանաչել 1994-ին Ռուանդայում, 1995-ին Բոսնիայի Սրեբրենիցայում տեղի ունեցած իրադարձությունները և 1970-ականների վերջին Կամբոջայում «կարմիր կխմերների» կատարած հանցագործությունները:

Դատարանն ընդունել է ՄԱԿ-ի առաքելության գնահատականը, համաձայն որի՝ այսպես կոչված մաքրման գործողությունների ընթացքում սպանվել է 10 հազարից ոչ պակաս մարդ, ևս առնվազն 700 հազարը իշխանությունների և ուժայինների գործողությունների արդյունքում հարկադրված է եղել լքել երկիրը:

«Դատարանը վճռեց, որ Մյանմայի անվտանգության ուժերը սպանել են հազարավոր ռոհինջա խաղաղ բնակիչների, կատարել են սեքսուալացված բռնության բազմաթիվ ակտեր, ծայրահեղ դաժանության ակտեր երեխաների նկատմամբ, և հարձակվել են փախուստով փրկվել փորձող ռոհինջաների վրա», - հայտարարել է նախագահող դատավոր Յուձի Իվասավան՝ երեկ հրապարակելով դատավճիռը:

Դատարանը որոշել է նաև, որ Մյանման պարտավոր է փոխհատուցում վճարել կատարած ոճրագործությունների համար: Փոխհատուցման չափը կորոշվի ավելի ուշ:

Համապատասխան հայցը Արդարադատության միջազգային դատարան էր ներկայացրել Գամբիան 2019 թվականի նոյեմբերին, գործի քննությունը սկսվել էր այս տարվա հունվարին:

Reuters լրատվական գործակալությունը նշում է, որ ՄԱԿ-ի դատարանի որոշումը հետևանքներ կունենա նաև Մյանմայի սահմաններից շատ ավելի հեռու, այդ թվում Հարավաֆրիկյան Հանրապետության հայցի քննության ժամանակ, որով Իսրայելը մեղադրվում է Գազայի հատվածում ցեղասպանության համար:

Թե՛ Մյանման և թե՛ Իսրայելը հերքում են ցեղասպանության մեղադրանքները:


​
XS
SM
MD
LG