«Հլը որ չի {կարողանում քայլել}, ֆիզոթերապիան հենց դրա համար է», - «Ֆակտոր TV»-ի լրագրող Ռոզա Վարդանյանին որդու առողջական վիճակի մասին պատմել է առողջական ծանր վիճակում գտնվող կալանավորի հայրը:
«Սուրենի մասով երևի շաբաթը 1-2 անգամ փորձում եմ, կա՛մ իր հայրիկն է զանգում, կա՛մ ես եմ հայրիկի հետ փորձում կապի մեջ լինել», - «Ազատության» հետ զրույցում ասաց լրագրողը:
Սուրեն Մուրադյանը, ուղեղի երկրորդ կաթվածը ստացել է բանտում, ձախ կողմը պարալիզացված է և անգամ զուգարան ստիպված է գնալ բացառապես քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աջակցությամբ:
Դեռ նախորդ տարվանից Սուրենի խնդիրը լուսաբանող լրագրողը բարձրաձայնում է՝ նա պատշաճ բուժման և վերականգնողական խնամքի կարիք ունի, պատկան մարմիններին դիմելով փորձել է պարզել՝ արդյո՞ք նրա հիվանդությունը համատեղելի է կալանքի հետ։ Ամիսների լուսաբանումից հետո միայն օրերս են 43-ամյա տղամարդուն վերականգնողական բուժման տեղափոխել:
«Ֆակտոր TV-ի գրավոր հարցումներից հետո եղավ տեղաշարժը», - նշեց Վարդանյանը:
Դեռ պարզ չէ՝ կալանավորը կշարունակի մնալ բանտում, թե կտեղափոխվի տնային կալանքի. «Խնդրում են լուսաբանել, խափանման միջոցը փոխվի տնային կալանքով թեկուզ, միայն թե հարազատների հոգածության ներքո լիներ: Մեր հարցումների 3-րդ օրը պատասխանը եկավ, որ Սուրենի հիվանդությունները համատեղելի են խափանման միջոց կալանքի հետ: Դա եղավ նոյեմբերի 13-ին, և Սուրենը մարտի 15-ին երկրորդ կաթվածը ստացավ»:
Բանտում պարբերաբար հացադուլ հայտարարած մեկ այլ՝ 42-ամյա տղամարդ էլ, ըստ Ռոզա Վարդանյանի բացահայտման, չպետք է լիներ բանտում, բայց այս տարեսկզբին անազատության մեջ մահացավ: Բժիշկները նրա ստամոքսից ջերմաչափ, երկաթի կտորներ և խարտոց էին հանել. «Նա ուներ կալանքի հետ անհամատեղելի խնդիր, որը ճանաչել էր հենց հանձնաժողովը, սակայն ըստ ամենայնի բյուրոկրատական քաշքշուկի պատճառով այդ մարդու առողջական վիճակը թույլ չտվեց, որ ինքը երկար ապրի և փաստացի մահացավ բանտում, այնինչ ըստ փաստաթղթերի և ըստ դատարանի որոշման՝ ինքը չպետք է լիներ բանտում: Այսինքն՝ մենք ունենք նաև այսպիսի պատմություններ, ըստ որի՝ ինքնասպանությունների կամ մահվան դեպքերը ՔԿՀ-ներում աճում են»:
Լրատվամիջոցներն այս տարվա 4 ամիսների ընթացքում բանտերում ինքնասպանության 2 դեպքի մասին են հաղորդել, քրեակատարողական ծառայությունից՝ 1: Ծառայությունից նաև փոխանցում են՝ այս տարվա հունվարի 1-ից մինչև ապրիլի 22-ը բանտերում արձանագրվել է նաև ինքնավնասման 142 դեպք:
Մարդու իրավունքների պաշտպանը նախորդ տարվա վիճակագրությունն էլ էր խիստ մտահոգիչ համարել. եթե 2024-ին բանտերում 12 մարդ էր մահացել, բայց ինքնասպանության պաշտոնական դեպք չէր արձանագրվել, ապա մեկ տարի անց՝ 2025-ին, մահվան թվերը կրկնապատկվել են՝ հասնելով 24-ի, որոնցից 8-ն ինքնասպան են եղել:
ՄԻՊ-ը պետությանն առաջարկել էր ռիսկերի գնահատման արդյունավետ համակարգ ներդնել՝ ինքնասպանության հակված մարդկանց հայտնաբերելու, մեկուսացնելու ու աջակցության տրամադրելու համար, նաև բժշկական արագ արձագանքն էր խնդրահարույց համարել: Զեկույցում նշվում է, որ պետության քայլերը մասնակի են, և եթե համակարգային բարեփոխումներ չլինեն, խնդիրները կշարունակեն խորանալ։
«24 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցով ներկայացվել է 487 առաջարկ, դեռևս կատարված է համարվել 23 տոկոսը: Տենդենց կա դրականի, բայց գերակշիռ մասը օրենսդրական լուծումներն են: Խնդիրը մնում է այս օրենսդրական լուծումների կիրառման հարցը», - «Ազատությանն» ասաց Պաշտպանի գրասենյակի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը:
ՄԻՊ Անահիտ Մանասյանն օրերս արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ այցելել էր «Արմավիր» ՔԿՀ: Այստեղ՝ հայաստանյան տասը բանտերից ամենամեծում, սուիցիդալ հակում ունեցող անձանց համար հատուկ խցեր էին բացվել. սա Պաշտպանի առաջարկներից մեկն էր կառավարությանը:
«Ազատության» հարցին, թե արդյոք նախարարի ներկայությունը չէր կաշկանդելու Պաշտպանին, որ կարողանար տեղում զրուցել պահվող անձանց հետ, նրա հետ այդ հանդիպմանը մասնակցած խմբի համակարգող Լաուրա Գասպարյանը պատասխանեց. «Հանդիպումը եղել է նախապես պլանավորված: Քանի որ կա նոր վերանորոգված մաս, դա չի խանգարել Մարդու իրավունքների պաշտպանին առանձնազրույցներ ունենալու ազատությունից զրկված անձանց հետ, և թիմը քննարկումներ է ունեցել մինչև ուշ երեկո»:
Հենց «Արմավիր» ՔԿՀ-ում էին այս ամսվա կեսերին աշխատակիցները կախված վիճակում կալանավորվածի մարմին հայտնաբերել: Ըստ լրատվամիջոցների՝ 53-ամյա տղամարդն ինքնասպան էր եղել կալանավորվելուց ընդամենը 4 օր հետո:
Իրավապաշտպան («Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ) Նարե Հովհաննիսյանն ասում է՝ պետական մարմիններին ուղարկված հարցումներից հետո եզրահանգել է՝ այս դեպքը բացահայտում է մի շարք համակարգային խնդիրներ՝ տեղեկատվության թափանցիկության պակասից մինչև ինքնասպանությունների կանխարգելման մեխանիզմների ոչ բավարար արդյունավետություն:
«Հենց միայն «Արմավիր» ՔԿՀ-ի օրինակով մենք կարող ենք համոզվել, որ մասնագետների թիվը չի կարող բավարարել նման թվով հոսքի անձանց պարագայում պահպանել ժամկետները և բոլոր անձանց հետ կատարել տվյալ ռիսկի գնահատումը: Ռիսկի գնահատման գործիքակազմը բավականին արդյունավետ գործիքակազմ է, եթե համակարգն ապահովված լինի անհրաժեշտ թվով մասնագետներով, ժամկետները բաց են թողնվում: Նշանակում է, որ գնահատումը չի կատարվում», - նշեց նա:
«Քրեակատարողական ոլորտը շատ է ռոմանտիզացվում»,- շաբաթներ առաջ «Հետք»-ի հետ զրույցում ասել էր արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: Նա բանտերում ինքնասպանության համաշխարհային թվեր էր մեջբերել ու կրկնել՝ մարդիկ նաև ազատության մեջ են մահանում. «Ես չեմ ուզում այս թվական տվյալները մեջբերելով արդարացնել մահերը: Հիվանդությունների ցանկը, որը սահմանվում է կառավարության որոշմամբ, թույլ չի տալիս գտնվել ճկուն, և օրինակ՝ հիվանդությունների համակցության դեպքում, որոնք այդ ցանկում չկան, բայց իրենց բնույթով և համակցությամբ այդպիսին են, որ իրականում համատեղելի չեն պատժի կամ կալանքի կրման հետ, հնարավորություն լինի այդ դեպքում անձին ազատել: Գործընկերների հետ մշակել ենք կառավարության որոշում»:
Իսկ մինչ պաշտոնյաները վիճակագրություններ են հրապարակում, արվածից ու չարվածից խոսում, լրագրող Ռոզա Վարդանյանը շարունակում է զանգեր ստանալ բանտերում պահվող անձանցից: Մի կին լուսաբանումից հետո վերջապես կարողացել է քաղցկեղը ճնշող առաջին քիմիաթերապիան ստանալ: