Մոսկվայի Բոտկինի անվան հիվանդանոցում մահացել է 52-ամյա բեմադրող նկարիչ Ալեքսանդր Կոնդրատովը, որին կալանավորել էին «պետական դավաճանության» գործով, հաղորդում է «Պերվիյ օտդել» իրավապաշտպան նախագիծը:
Կոնդրատևին քննչական մեկուսարանից հիվանդանոց էին տեղափոխել հոկտեմբերի 23-ին: Նրա մահվան պատճառը չի հրապարակվում:
2012 թվականից Ալեքսանդր Կոնդրատովն ապրել է Կիևում: Նրան ձերբակալել են այս տարվա մայիսին Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում. Կոնդրատովը Ռուսաստան էր ժամանել արտասահմանյան անձնագիրը փոխելու համար: Դրանից հետո բեմադրող նկարիչն ավելի քան 70 օր է անցկացրել «կարուսելային» կալանքների տակ, մի քանի անգամ մեղադրվել է խուլիգանության մեջ, իսկ օգոստոսին կալանավորել է «պետական դավաճանության» գործով: Հետապնդման առիթ էին դարձել ինտերնետում «վեցից ոչ պակաս» հրապարակումներ, նշում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե Վրեմյա» նախագիծը:
Կոնդրատովն աշխատել է ռուսաստանյան և ուկրաինական կինոարտադրությունում: 2007 թվականին թողարկված «Լիկվիդացիա» սերիալի համար, որը նկարահանվել է Օդեսայում և պատմում է այդ քաղաքում հետպատերազմյան կյանքի մասին, նա ստացել է «Ոսկե արծիվ» և ТЭФИ մրցանակներ:
«Պերվիյ օտդել»-ը նշում է, որ սա Ռուսաստանում քաղաքական գործերով անցնող անձի մահվան առնվազն 11-րդ դեպքն է այս տարվա սկզբից ի վեր: