Ամերիկյան Թենեսի նահանգում մահվան դատապարտված 50-ամյա Քրիստա Փայքը դատավճիռն ի կատար ածելու անհաջող փորձից հետո գիտակցության է եկել և խոսում է: Այդ մասին հաղորդել են նրա փաստաբանները, փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը:
Փայքի մահապատիժը փորձել էին ի կատար ածել սեպտեմբերի լույս 30-ի գիշերը Նեշվիլում Ռիվերբենդ խիստ ռեժիմի բանտում: Նա, սակայն, ողջ է մնացել երկու ներարկումներից հետո։ Կնոջը տեղափոխել են հիվանդանոց, որտեղ մի քանի օր անգիտակից և ծայրահեղ ծանր վիճակում էր՝ միացված թոքերի արհեստական օդափոխման սարքին:
Փաստաբանների փոխանցմամբ՝ Փայքը ներարկումների ժամանակ զույգ ձեռքերի լուրջ վնասվածքներ է ստացել: Այժմ կինը հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ է: Փաստաբաններն ասում են, որ նա երկարատև վերականգնում պետք է անցնի:
Պաշտպանական կողմը դատարան է դիմել՝ պահանջելով պահպանել ձախողված մահապատժի բոլոր ապացույցները: Փաստաբանները մտադիր են ապացուցել, որ նահանգի իշխանությունները խախտել են դաժան և արտասովոր պատիժների սահմանադրական արգելքը:
Տեղի ունեցածից հետո Թենեսիի նահանգապետ Բիլ Լին կասեցրել է այս տարի նախատեսված բոլոր մահապատիժները և կարգադրել անկախ ստուգում իրականացնել: Նահանգի ուղղիչ հաստատությունների դեպարտամենտի ղեկավար Ֆրենկ Սթրադան հրաժարական է տվել:
Փայքը մահվան է դատապարտվել 1995 թվականին 19-ամյա Քոլին Սլեմերի սպանության համար: Այն ժամանակ 18-ամյա Փայքը իր 17-ամյա ընկերոջ և ևս մի ծանոթի հետ Սլեմերին անտառում խոշտանգել և սպանել է: Նրան դատապարտել են մահապատժի, ընկերոջը՝ ցմահ ազատազրկման:
Քրիստա Փայքը Թենեսիում առաջին կինն է, որին իշխանությունները փորձել են մահապատժի ենթարկել 19-րդ դարի սկզբից ի վեր: Reuters-ի տվյալներով՝ սա նաև ԱՄՆ-ում հայտնի առաջին դեպքն է, երբ դատապարտյալը ողջ է մնում մահաբեր ներարկումից հետո: