Մատչելիության հղումներ

Ամերիկուհին մահապատժի ժամանակ ստացած 2 ներարկումից հետո ողջ է մնացել

Քրիստա Փայքը մտնում է Նոքսվիլի (Թենեսի) Նոքս շրջանի քրեական դատարանի շենք, 4-ը դեկտեմբերի 2007 թ.
Քրիստա Փայքը մտնում է Նոքսվիլի (Թենեսի) Նոքս շրջանի քրեական դատարանի շենք, 4-ը դեկտեմբերի 2007 թ.

Ամերիկացի 50-ամյա Քրիստա Փայքը, որը մահապատժի էր դատապարտվել սպանության համար, ողջ է մնացել (պենտոբարբիտալի) երկու մահացու ներարկումներից հետո։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, հաղորդում է Associated Press-ը։

Փայքը կդառնար Թենեսի նահանգում մահապատժի ենթարկված առաջին կինը վերջին 200 տարվա ընթացքում։

Մահապատժից մեկ ժամ առաջ ԱՄՆ Դաշնային շրջանի վերաքննիչ դատարանը կասեցրել էր մահապատիժը՝ կարգադրելով վերանայել, թե արդյոք Փայքի մահապատժի դատավճռում բավարար չափով հաշվի են առնվել մանկության տարիներին սեռական բռնության մասին մեղադրանքները: Սակայն, մի քանի ժամ անց ԱՄՆ Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել այդ որոշումը:

Թենեսիի ուղղիչ հիմնարկների դեպարտամենտը հայտարարել է, որ նրանք «հետևել են մահապատժի իրականացման կարգի յուրաքանչյուր քայլին»: Ինչպես նշում է AP-ն, այն նախատեսում է երկրորդ մահացու ներարկման հնարավորություն, եթե դատապարտյալը չի մահացել առաջինից, սակայն չի նշում, թե ինչ անել, եթե դատապարտյալը ողջ է մնում երկրորդ ներարկումից հետո:

Թենեսիի նահանգապետ Բիլ Լին, որը երկուշաբթի մերժել էր Փայքի ներման խնդրագիրը, կասեցրել է այս տարվա համար նախատեսված բոլոր մահապատիժները և կարգադրել «համապարփակ, անկախ հետաքննություն անցկացնել՝ պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել» Փայքի մահապատժի իրականացման ժամանակ։

Փայքը և նրա զուգընկեր Թադարիլ Շիփը մեղադրվում են 1995 թվականին Քոլին Սլեմերին սպանելու մեջ։ Փայքը, որն այդ ժամանակ 18 տարեկան է եղել, մեղավոր է ճանաչվել առաջին աստիճանի սպանության համար և դատապարտվել էր մահապատժի։ Շիփը, որը հանցագործության պահին 17 տարեկան է եղել, դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորությամբ։

Դատավճռի հրապարակումից հետո պարզվել է, որ Փայքը սեռական բռնության է ենթարկվել մոր ամուսինների կողմից, ինչպես նաև երկու անգամ բռնաբարվել։ Ավելի ուշ նրա մոտ ախտորոշվել է հետտրավմատիկ սթրեսային խանգարում և բիպոլյար խանգարում։

Կանանց մահապատիժները Միացյալ Նահանգներում հազվադեպ են տեղի ունենում։ 1976 թվականից ի վեր, երբ երկիրը վերսկսեց մահապատիժները, մահապատժի է ենթարկվել 18 կին։ Վերջին անգամ Թենեսիում կին մահապատժի է ենթարկվել 1820 թվականին։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG