Մատչելիության հղումներ

Ալիև. Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղերձով է հանդես գալիս, Բաքու, 20-ը սեպտեմբերի, 2023թ.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղերձով է հանդես գալիս, Բաքու, 20-ը սեպտեմբերի, 2023թ.

Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մենք ճանաչում ենք նրանց [Հայաստանի] տարածքային ամբողջականությունը, մենք հայտարարել ենք այդ մասին, մենք ճանաչում ենք բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը», - «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ալիևը ադրբեջանցիներին ուղղված իր ուղերձում:

Պաշտոնական Երևանը խիստ մտահոգիչ էր համարում, որ Բաքուն հրապարակայնորեն չէր ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը: «Մինչ այժմ մենք չենք լսել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության հրապարակային խոսքերը, մինչդեռ, այդպիսի խոսքեր լսել ենք փակ հանդիպումների ընթացքում: Եվ սա մեզ համար խիստ մտահոգիչ է ու կարող է վկայել այն մասին, որ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի Հայաստանի Հանրապետությունից», - մասնավորապես, մոտ մեկ ամիս առաջ հայտարարել էր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Երեկ, այսօր, կարող եմ ասել, Հայաստանն անսպասելիորեն քաղաքական կոմպետենտություն ցուցաբերեց, և մենք դա գնահատում ենք: Մենք դա դիտարկում ենք որպես դրական գործոն, և ես կարծում եմ, որ երեկ և այսօր տեղի ունեցած իրադարձությունները նույնպես դրական ազդեցություն կունենան Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի վրա», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

«Հեռու չէ այն օրը, երբ Ադրբեջանը և Հայաստանը կկարգավորեն իրենց միջև գոյություն ունեցող հարցերը, կստորագրեն խաղաղության պայմանագիր, և Հարավային Կովկասի երկրները կսկսեն աշխատել եռակողմ ձևաչափով ապագա համագործակցության վրա», - վստահեցրել է Ալիևը:

Պաշտոնական Երևանը երեկ հայտարարեց Արցախում ընթացող ռազմական գործողություններին չմիջամտելու մասին:

XS
SM
MD
LG