Մատչելիության հղումներ

Լրագրողները նույնականացրել են պատերազմում զոհված 281 753 ռուս զինծառայողի

 Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

BBC-ի ռուսական ծառայությունը, «Մեդիազոնա» պարբերականը և կամավորականների թիմը հաստատել են Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման ընթացքում զոհված 281 753 ռուսաստանցի զինծառայողների անունները:

Պատերազմի 4.5 տարվա ընթացքում ավանդաբար էլիտար համարվող երեք ստորաբաժանումներ հայտնվել են ամենամեծ կորուստները կրած զորամասերի տասնյակում: Դրանք են՝ ծովային հետևակի 810-րդ առանձնակի գվարդիական բրիգադը, որը կորցրել է առնվազն 2 հազար զինծառայող և տասնյակում վեցերորդն է, ծովային հետևակի 155-րդ առանձնակի գվարդիական բրիգադը, որը առնվազն 1 829 զոհվածներով ութերորդն է, և 76-րդ դեսանտագրոհային դիվիզիան, որը 1 809 զոհվածներով իններորդն է:

Հաստատված կորուստների 10 տոկոսը օդադեսանտային զորքերի և ծովային հետևակի զինծառայողներ են:

Ամենամեծ կորուստները՝ 98 464 մարդ կամ զոհվածների ընդհանուր թվի 35 տոկոսը, կամավորականների շարքերում են: Եվս 73 814 զոհվածներ կամ 26 տոկոսը պայմանագրայիններ են: Բանտից ազատված և ռազմաճակատ մեկնածներից զոհվել են 27 550-ը կամ ընդհանուր թվի 10 տոկոսը: Մոբիլիզացիայով ռազմաճակատ մեկնածներից զոհվել են 20 814-ը կամ ընդհանուր թվի 8 տոկոսը, նրանց 42 տոկոսը սպանվել են ռազմաճակատում հայտնվելու առաջին ամիսներին:

Հետազոտողները նշում են, որ ռուսական կողմի իրական կորուստները կարող են ավելի մեծ լինել: Փորձագետները ենթադրում են, որ իրենց տվյալները կարող են ընդգրկել զոհվածների իրական թվի 45-ից մինչև 65 տոկոսը, նշում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե Վրեմյա» նախագիծը:

Ռուսաստանյան իշխանությունները կորուստների վերաբերյալ պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում:

​
XS
SM
MD
LG