Լիտվայի երկնքում սեպտեմբերի լույս 15-ի գիշերը խոցված անօդաչուն ռուսական «Գերբերա» տեսակի սարք էր, հայտարարել է երկրի նախագահ Գիտանաս Նաուսեդան։
Նրա խոսքով՝ մասնագետներն այժմ ուսումնասիրում են անօդաչուի էլեկտրոնային համակարգերը։
Նաուսեդան նշել է, որ, ամենայն հավանականությամբ, խոսքը Լիտվայի դեմ կանխամտածված գործողության մասին չէ։ Նրա վարկածով՝ անօդաչուն նախատեսված է եղել Ուկրաինայի դեմ կիրառելու համար, սակայն ուկրաինական ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ազդեցությամբ շեղվել է ուղուց և հայտնվել Լիտվայի տարածքում։
Անօդաչուն խոցել են Լիտվայում տեղակայված իտալական կործանիչները, որոնք օդ էին բարձրացել Շյաուլյայի ավիաբազայից։ Լիտվայի իշխանությունները հայտնել են, որ սարքի բեկորները հայտնաբերվել են, տարածքը մեկուսացվել է, այնտեղ աշխատում են զինվորականներն ու ոստիկանները։
Լիտվայի պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասի խոսքով՝ անօդաչուն թռել է Բելառուսի ուղղությունից, իսկ դրա մեջ պայթուցիկ նյութ է հայտնաբերվել։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ միջադեպը դիտարկում է որպես Եվրոպայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվ և սադրիչ գործողությունների ավելի լայն պատկերի մաս։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը կուժեղացնի ճնշումը Մոսկվայի նկատմամբ։
Մինչ այդ, Լեհաստանում պարզվել է, որ սեպտեմբերի 14-ին Բալթիկ ծովում՝ Ռուսինովո առողջարանային բնակավայրի ափի մոտ հայտնաբերված ռուսական մեկ այլ անօդաչու նույնպես պայթուցիկ է կրել։
Լեհաստանի դատախազության տվյալներով՝ «Գերբերա-2» տեսակի սարքը զինված է եղել բեկորաֆուգասային մարտագլխիկով և պայթուցիչով։ Անօդաչուն ջրից դուրս էին բերել լեհ զինվորականները։ Դատախազությունը շարունակում է պարզել, թե ինչպես է այն հայտնվել Լեհաստանի ափերի մոտ։