Մատչելիության հղումներ

Լիբանանում հումանիտար աղետ է հասունանում, Իսրայելի կրկնակի հարվածները խանգարում են փրկարարներին

Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով մարդասիրական աղետ է հասունանում, հաղորդում է Al Jazeeraն՝ նշելով, որ վերջին օրերին հարձակումներն էլ ավելի են սաստկացել։

Ըստ լրատվամիջոցի՝ մարդասիրական գործունեություն ծավալող որոշ կազմակերպություններ հայտարարում են, որ եթե հարվածները շարունակվեն այս ինտենսիվությամբ, իրենք գուցե ստիպված լինեն դուրս գալ որոշ տարածքներից։

«Եթե անվտանգության հետ կապված իրավիճակը շարունակի վատթարանալ, հնարավոր է, որ մենք ստիպված լինենք լքել որոշակի տարածքներ։ Կան որոշակի կարմիր գծեր, որոնք մենք չենք կարող հատել մեր թիմերի անվտանգության համար», - լրատվամիջոցին ասել է «Բժիշկներ առանց սահմանների» (MSF) բժշկական բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Ջերեմի Ռիստորդը՝ հավելելով, որ երկրի հարավում մոտ 40 հիվանդանոց արդեն փակ է։

«Ավելին, փրկարարական խմբերն արդեն աշխատում են ծայրահեղ ճնշման տակ՝ իրենց գործողությունները հարմարեցնելով վատթարացող անվտանգային իրավիճակին», - ասել է Ռիստորդը՝ նշելով, որ փրկարարները վախենում են Իսրայելի կողմից «կրկնակի հարվածներից»։ «Երբեմն նրանք նույնիսկ չեն կարողանում միջամտել», - նշել է նա։

Ջերեմի Ռիստորդը հայտնել է, որ մարտից ի վեր պատերազմում զոհվել է քաղաքացիական պաշտպանության 126 աշխատակից, վիրավորվել՝ 310-ը․ «Դա օրական չորս զոհ է»։

Մարտի 2-ից ի վեր հարյուր հազարավոր լիբանանցիներ իսրայելական բանակի գործողությունների հետևանքով ստիպված են եղել լքել իրենց տները։ Նրանք անհապաղ մարդասիրական օգնության կարիք ունեն, նշում է Al Jazeeraն։

XS
SM
MD
LG