Ռուսաստանը համարում է, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կարելի է անցկացնել Ադրբեջանում, լրագրողներին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ես կհիշատակեի Ադրբեջանի և Թուրքիայի նախաձեռնած ձևաչափը՝ դա «3+3» ձևաչափն է՝ Ադրբեջան, Վրաստան, Հայաստան և Ռուսաստան, Թուրքիա, Իրան: Մենք մի քանի անգամ հանդիպել ենք, և այժմ սպասում ենք, թե երբ կպայմանավորվեն Հայաստանն ու Ադրբեջանը՝ ով է հաջորդը ընդունելու այդ խմբի արտաքին գործերի նախարարների հանդիպումը», - ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Լավրովը՝ շարունակելով. - «Կարծում եմ՝ կարելի է առաջիկա հանդիպումն անցկացնել Ադրբեջանում, իսկ հետո հաջորդը՝ Երևանում: Դա ճիշտ կլիներ»:
«Ինչու եմ հիշատակում այդ ձևաչափը՝ այն իրոք համընդգրկուն է, նվիրված չէ ինչ-որ կոնկրետ նախագծի, որը նախատեսվում է իրականացնել ընդհանուր տարածաշրջանային համատեքստից դուրս, այդ իսկ պատճառով՝ Ադրբեջանի և Թուրքիայի առաջարկած «3+3» ձևաչափը մենք ակտիվորեն սատարում ենք», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը, ով այսօր Բաքվում մասնակցել է Ասիայում Փոխգործողության և վստահության միջոցների հարցերով խորհրդակցության գագաթնաժողովին:
«3+3»-ը Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։ Վրաստանը հայտարարել է, որ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։
Այդ ձևաչափի շրջանակներում տեղի է ունեցել երեք հանդիպում՝ Ռուսաստանում, Իրանում և վերջինը՝ 2024 թվականին Թուրքիայում։
Անցած տարվա վերջին Բաքուն վերահաստատել էր այդ ձևաչափով հերթական հանդիպումը հյուրընկալելու պատրաստակամությունը: Երևանը, այդուհանդերձ, հայտարարել էր, որ հանդիպման վայրի վերաբերյալ փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ քննարկումները կշարունակվեն:
«Ընդհանուր ընկալմամբ՝ այդ հանդիպումը պետք է անցկացվի Երևանում կամ Բաքվում։ Փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ քննարկումները կշարունակվեն, պայմանավորվածության լինելու դեպքում կտեղեկացնենք», - «Ազատությանն» ասել էր ՀՀ ԱԳՆ խոսնակը: