Իր ամեն աշխատանքային օրը վերջինը համարող Վանաձորի ժամանակավոր քաղաքապետ Արկադի Փելեշյանն այս տարվա համար վանաձորցիներին մեծածավալ աշխատանքներ է խոստացել, չնայած ո՛չ այս տարվա բյուջեն, ո՛չ էլ սուբվենցիոն ծրագրերն այդպես էլ չհաստատվեցին:
Իշխանականների կոչերն արդեն երեքուկես տարի արտահերթ նիստերը բոյկոտող ընդդիմադիրներին՝ ներկայանալ ավագանու նիստերին, այդպես էլ արդյունք չտվեցին, քվորումի համար անհրաժեշտ մեկ ձայնն այդպես էլ հնարավոր չեղավ ապահովել: Չնայած դրան Լոռու մարզպետն ու Վանաձորի համայնքապետի պաշտոնակատարը սոցիալական ցանցում ակտիվորեն տեսանյութեր են տարածում՝ շռայլ խոստումներով:
Որքանո՞վ կկատարվեն խոստումները և ի՞նչ միջոցներով: Տարին ձյունառատ փողոցներով սկսվեց Վանաձորում: Մի քանի օր շարունակ մարզային ու քաղաքային իշխանությունները մաքրվող փողոցներն ու մայթերն էին գովազդում, վանաձորցիները՝ սառցակալած փողոցների մասին տեսանյութեր տարածում:
Իշխանավորները խոսում էին կիլոմետրերով մաքրված ճանապարհների մասին, չնայած ցուցադրվող ձյունամաքրող սարքերը հիմնականում ձեռքի էին, որոշ կադրերում աշխատակիցներն անգամ ձեռքով էին աղ ու ավազ ցանում մայթերին ու փողոցներում:
Ի վերջո ինչպե՞ս փակեցին անցած տարին շարքային քաղաքացիներն ու ինչ ակնկալիքներ ունեն նոր տարուց՝ անկախ ավագանու չգումարվող նիստերից, չհաստատված բյուջեից, «Ազատությունը» հետաքրքրվել է վանաձորցիներից:
«Համեմատաբար լավ տարի էր», «արտասովոր ոչինչ», «խաղաղություն», «մարդու գրպանը եթե լիքը լինի, լավ կլինի», ասում են նրանք:
Մանրամասները՝ տեսանյութում.