Մատչելիության հղումներ

Լարված իրավիճակ Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցում. քահանայից պահանջել են լքել եկեղեցին


Ոսկետափի Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանն ահազանգում է, որ եկեղեցին կառուցած Համլետ Գորոյանը և Ոսկետափի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը այսօր առավոտյան մի խումբ անձանց հետ այցելել են եկեղեցի և պահանջել, որ քահանան ազատի եկեղեցին և հանձնի բանալիները։

Տեր Արտաշես քահանա Հակոբյանն այս շաբաթասկզբին միացել էր վարչապետ Փաշինյանի ու 10 եպիսկոպոսների նախաձեռնած եկեղեցու բարենորոգման ծրագրին, ապա տեղեկացրել, որ հրաժարվում է այդ օրակարգից:

Քահանան ծառայում է Մասյացոտնի թեմում, որը հայտնվել է իշխանության ու Մայր Աթոռի մեջտեղում: Փաշինյանին միացած թեմի առաջնորդին՝ Գևորգ եպիսկոպոսին Ամենայն Հայոց կաթողիկոսը պաշտոնանկ է արել, սրբազանը դատի է տվել, դատարանն էլ ժամանակավորապես վերականգնել է նրան թեմի առաջնորդի պաշտոնում, մինչև այս գործով վերջնական վճիռ լինի: Սրան զուգահեռ՝ Մայր Աթոռը առաջնորդական տեղապահ է նշանակել Հայր Ռուբեն Զարգարյանին, որը սակայն թեմի առաջնորդարան չի կարողանում մտնել, այստեղ ոստիկանական հսկողություն է:

Քահանաները այս օրերին պատմել էին, որ տեղական իշխանության ներկայացուցիչները հանդիպում ու հորդորում են իրենց միանալ Գևորգ սրբազանին, այսինքն՝ վարչապետի բարենորոգման ծրագրին:

Տեր Արտաշեսի փոխանցմամբ՝ այսօրվա իր հյուրերը հայտարարել են, թե եկեղեցին պատկանում է բարերարին և մինչև նոր հոգևորականի նշանակումը այն պետք է փակվի։ «Ես նրանց լսեցի, բայց այդ պահանջները չընդունեցի։ Ասացի, որ ինձ վստահված եկեղեցին չեմ լքելու և բանալիները չեմ հանձնելու, քանի դեռ նման ցուցում չունեմ իմ թեմակալ առաջնորդից», - պատմեց քահանան՝ հավելելով, որ իրեն տեղեկացրել են՝ մեկ ժամ անց պատրաստվում են վերադառնալ և փոխել եկեղեցու դռների կողպեքները։

Դեպքի մասին նա տեղեկացրել է Մասյացոտն թեմին։

Մասյացոտն թեմը տարածած հայտարարության մեջ տեղի ունեցածը որակել է որպես անօրինական և անթույլատրելի միջամտություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կյանքին։

Թեմը հորդորելով անհապաղ դադարեցնել քահանայի նկատմամբ իրականացվող ճնշումները, ընդգծել է. «Եկեղեցին կառուցված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի վրա, և որևէ անձ կամ մարմին իրավասու չէ կամայականորեն սեփականացնել եկեղեցին կամ միջամտել եկեղեցու գործունեությանը»:

Ավելի վաղ Ոսկետափ բնակավայրն էր հայտարարություն տարածել՝ նշելով, որ եկեղեցու բարերար Գորոյան ընտանիքը և եկեղեցու հավատավոր մի խումբ բնակիչներ իրենց վրդովմունքն են հայտնել քահանա Տեր -Արտաշես Հակոբյանի կողմից հնչեցրած իրարամերժ հայտարարությունների համար. «Մեր եկեղեցու հոգևոր հովվի անսկզբունք ընթացքը չի արտահայտում համայնքի շահերը: Հովիվը պետք է հավատարիմ լինի, թե հայ եկեղեցու դավանությանը և թե մեր պետական շահին: Հայ եկեղեցին վարկաբեկողին, մեր պետական շահերը ոտնահարողին հավատարմություն հայտնելով՝ Տեր Արտաշես Քահանա Հակոբյանը ճնշումների, վախի ազդեցության ներքո խախտեց Աստծո առաջ կատարած իր ուխտը»:

Տեր Արտաշես քահանա Հակոբյանն ընդգծեց՝ մտադիր չէ լքել եկեղեցին:

«Սա հակաօրինական է, մենք ագրեսիվ մարդիկ չենք, այստեղ կամաց-կամաց եկեղեցու հավատացյալներն են հավաքվում ՝ պաշտպան կանգնելու իրենց հոգևոր իրավունքներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG