Մատչելիության հղումներ

Ռուսաստանը պատրաստ է մեկ օրով հրադադար հաստատել, եթե Ուկրաինան ընտրություններ անցկացնի. Պեսկով

Կոլաժ, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը
Կոլաժ, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը

Եթե Ուկրաինան որոշի նախագահական ընտրություններ անցկացնել, ապա Ռուսաստանը պատրաստ է դադարեցնել հարվածները, սակայն, միայն քվեարկության օրը, հայտարարել է Կրեմլի խոսնակը:

Դմիտրի Պեսկովի պնդմամբ՝ Ուկրաինան իրականում մտադիր չէ ընտրություններ անցկացնել, իսկ 60-օրյա հրադադարը, որն առաջարկում է նախագահ Զելենսկին, Կիևին հարկավոր է ուժերը վերականգնելու համար:

«Նախագահն այս մասին արդեն խոսել է, բայց ես կարող եմ նրա անունից ամենայն պատասխանատվությամբ ասել. եթե Կիևում իսկապես ցանկանում են ընտրություններ անցկացնել, ապա Ռուսաստանի նախագահը ... պատրաստ կլինի կարգադրել, որ Ուկրաինային հարվածներ չհասցվեն ընտրությունների օրը: Կոնկրետ ընտրությունների օրը»,- ասել է Պեսկովը:

Թրամփը մեղադրում է Զելենսկիին

ԱՄՆ նախագահն էր երեկ հայտարարել, թե ժամանակն է, որ Ուկրաինան նախագահական ընտրություններ անցկացնի և ընտրի մեկին, որն ի վիճակի է գործարք կնքել: Դոնալդ Թրամփը մեղադրել էր Զելենսկիին՝ պնդելով, թե մի քանի հնարավորություն է ունեցել՝ դադարեցնելու արդեն հինգերորդ տարին ընթացող արյունալի պատերազմը, սակայն չի արել դա:

«Կարծում եմ՝ նրանք պետք է ընտրություններ անցկացնեին։ Նա կարող էր այս հարցը լուծել մի քանի անգամ, նա պետք է ընտրություններ անցկացնի: Եվ նա չի կարող բարձրացնել նավթի գինը։ Բավական է»,- ասել էր Սպիտակ տան ղեկավարը:

Կիևի նախապայմանը

Զելենսկին անմիջապես արձագանքել էր՝ ասելով, որ պատրաստ են ընտրություններ անցկացնել, եթե Ռուսաստանը համաձայնի 60-օրյա հրադադարի: Այսօր էլ ասել է, որ պատրաստ են նաև Սահմանադրությունը փոխել:

«Եթե հրադադար լինի, և ամերիկացիները նման համաձայնության գան ռուսների հետ, պատրաստ եմ համագործակցել մեր խորհրդարանի հետ և գտնել դժվար լուծումներ։ Ես հիմա խոսում եմ օրենսդրության փոփոխության, Սահմանադրության փոփոխության մասին՝ շատ արագ ընտրություններ անցկացնելու համար»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։

Թրամփը նաև հայտարարել էր էներգետիկ հրադադարի մասին: Զելենսկին վերահաստատել է՝ Կիևը պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին, եթե նույնը անի նաև Մոսկվան: «Միայն սա կլինի արդարացի»,- ասել է նա:

Չնայած էներգետիկ հրադադարի մասին ԱՄՆ նախագահի հայտարարությանը՝ Ռուսաստանը շարունակել է հարվածներն Ուկրաինային, այդ թվում՝ էներգետիկ ենթակառուցվածքներին: Ռուսական հարվածներից Ուկրաինայում առնվազն 7 մարդ է սպանվել, վիրավորվել 20-ից ավելին:

Նոր պատժամիջոցներ

Ու մինչ Վաշինգտոնի, Մոսկվայի և Կիևի միջև հեռակա բանավեճ է ընթանում, ԵՄ արտգործնախարարները հաստատել են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի դեմ ուղղված մոտ 1600 նոր պատժամիջոց: ԵՄ արտգործնախարար Կայա Կալլասն ասել է, որ շարունակելու են մեծացնել մոսկվայի վրա ճնշումը:

«Մենք պետք է ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա, որպեսզի նրանք դադարեցնեն հարվածները, քանզի եթե դադարեցնեն, ուկրաինացիները կարիք չեն ունենա որևէ քայլ ձեռնարկել իրենց երկիրը պաշտպանելու համար: Հենց այս խնդիրն է դրված խաղասեղանին»,- ասել է ԵՄ արտգործնախարարը:

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն ասել է, որ սա պատերազմի սկսվելուց ի վեր Ռուսաստանի դեմ ԵՄ կիրառած պատժամիջոցների ամենամեծ փաթեթն է:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG