Մատչելիության հղումներ

Զելենսկին պետք է քաղաքական կամք դրսևորի պատերազմը դադարեցնելու համար. Պեսկով

Դմիտրի Պեսկով, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ
Դմիտրի Պեսկով, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի ցուցաբերում անհրաժեշտ քաղաքական կամք Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հայտարարությունը, որ Ուկրաինային նոր նախագահ է անհրաժեշտ։

Պեսկովն ասել է, որ Ուկրաինայի նախագահը պետք է կայացնի «շատ պատասխանատու և շատ դժվար որոշումներ՝ այս պատերազմը դադարեցնելու համար»։

«Թրամփն ասաց, թե կարծում է, որ ժամանակն է նոր նախագահ ընտրելու։ Ինչո՞ւ։ Որովհետև Ուկրաինայի նախագահը պետք է շատ պատասխանատու և շատ դժվար որոշումներ կայացնի այս պատերազմը դադարեցնելու համար։ Կա՛մ Զելենսկին ստանձնում է այս պատասխանատվությունը և ցուցաբերում քաղաքական կամք, կա՛մ՝ ոչ։ Մինչև այժմ նա դա չի անում», - «ՌԻԱ Նովոստիին» ասել է Կրեմլի խոսնակը։

Դոնալդ Թրամփը շաբաթ հայտարարել էր, որ Ուկրաինայում նոր նախագահ ունենալու ժամանակն է: «Ես առաջարկում եմ նրանց նոր առաջնորդ ընտրել, ով կարող է գործարք կնքել»,- Սպիտակ տանը ելույթ ունենալիս ասել էր Թրամփը՝ հավելելով, որ ինչ-ինչ պատճառներով Զելենսկին «երբեք դա չի անում»։ Նա նաև նշել էր, որ եթե ինքը լիներ ԱՄՆ նախագահ 2022-ին, «այդ պատերազմը երբեք չէր սկսվի»։


Թրամփն ասել էր, որ Վլադիմիր Զելենսկին «կորցրել է երկրի 30 տոկոսը, և ավելի քան մեկ միլիոն մարդ է տուժել, իսկ զոհերի թիվը գերազանցում է 2 միլիոնը»։ «Սա մի պատերազմ է, որը երբեք չպետք է սկսվեր։ Եվ ես կարծում եմ, որ Ուկրաինայում նոր նախագահ ունենալու ժամանակն է», - ասել էր ԱՄՆ նախագահը։

Զելենսկին էլ, արձագանքելով Թրամփին, հայտարարել էր, որ եթե Ռուսաստանը համաձայնի 60-օրյա հրադադարի, ապա Ուկրաինայում նախագահական ընտրություններ կկազմակերպվեն: «Խնդրում եմ, փոխանցեք Պուտինին. տվեք մեզ երկու ամիս՝ 60 օր լիակատար հրադադար, և մենք կկազմակերպենք ընտրություններ», - ասել է Զելենսկին ABC հեռուստաալիքի «This Week» հաղորդման եթերում։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG