Մատչելիության հղումներ

Քրեական գործ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ. պաշտոնյան հերքում է, թե հանցանք է կատարել

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյան, «Իմպեքս» ընկերության հիմնադիր Միքայել Շախնազարյան, կոլաժ
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյան, «Իմպեքս» ընկերության հիմնադիր Միքայել Շախնազարյան, կոլաժ

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, նրա պաշտոնավարումը կասեցվել է, արգելվել է բացակայել երկրից:

Պաշտոնյան մեղադրվում է դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու համար: Նա հերքում է, թե հանցանք է կատարել: Ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ խնդիրը 2023-ին Երևանում ճանապարհային նշանների տեղադրման մրցույթում հաղթած «Իմպեքս» ընկերության հետ է, որի պայմանագիրը քաղաքապետարանը միակողմանիորեն դադարեցրել է: Ըստ պաշտոնյայի՝ մրցույթով նախատեսված բանկային երաշխիքը ընկերությունը չի ներկայացրել, ինչը, նրա պնդմամբ, օրենքի պահանջ է: Բանկային երաշխիքը, որի մասին խոսում է Հարությունյանը, փաստաթուղթ է, որով բանկը երաշխավորում է պետական գնումներին մասնակցող ընկերության պարտավորությունների կատարումը:

«Գնման հայտը ներկայացնելուց մոտ մեկ շաբաթ անց ես ստացել եմ «Իմպեքս» ՍՊԸ-ի բողոքի հիման վրա հայցի ապահովում կիրառելու դատական ակտը, որով արգելվում է քաղաքապետարանին ճանապարհային նշանների տեղադրման նոր գնման գործընթաց նախաձեռնել մինչև հիմնական հայցով վերջնական դատական ակտի կայացումը: Ընդ որում՝ հենց նույն դատական ակտում է նշված, որ օրենսդրությամբ արգելվում է կայացնել որևէ դատական ակտ, որը կկասեցնի արդեն իսկ սկսված գնման գործընթացը: Ըստ էության՝ ինձ մեղադրում են գնման հայտը ներկայացնելուց մի քանի օր անց ստացած դատական ակտը չկատարելու համար, այսինքն ստացվում է՝ ես մինչև դատական ակտը ստանալը պետք է իմանայի նման ակտի մասին և չնախաձեռնեի», - Ֆեյսբուքում գրել է քաղաքապետարանի պաշտոնյան:

«Իմպեքս» ընկերության հիմնադիր Միքայել Շախնազարյանը համաձայն չէ, հարցնում է՝ ինչպե՞ս է քաղաքապետարանը դատական ակտն ավելի ուշ ստացել, եթե դա ավելի վաղ է կայացվել:

«Դա շատ ավելի շուտ է եղել, քան երկրորդ մրցույթի հայտարարելը, դա եղել է երևի հունիս-հուլիս ամիսներին 23 թվականի: Որ մրցույթը հայտարարելուց հետո տայինք դատի, ո՞նց պետք է դատարանը էդ ժամանակ հայցի ապահովում կիրառեր ու արգելեր նմանատիպ մրցույթ հայտարարելը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Շախնազարյանը:

Պնդեց՝ իրենք դատի են տվել, ոչ թե կոնկրետ Վազգեն Հարությունյանին, այլ քաղաքապետարանին. բանկային երաշխիք ներկայացնելուն դեմ չեն, բայց ոչ տասը տարվա կտրվածքով: Իր ընկերությունը ստեղծվել է ութ տարի առաջ:

«Մեզնից պահանջել են տաս տարվա բանկային երաշխիք, որը տարօրինակ էքսկլյուզիվ պահանջ է եղել, այսինքն՝ մինչև 2023 թվականը, այսինքն՝ մինչև մեր հաղթելը էդ տենդերը ու դրանից հետո ոչ մի մասնակցից նույն ապրանքի համար տաս տարով բանկային երաշխիք երբևէ չի պահանջվել: Ինչ պետք է անեի՞նք՝ պետք է մեր շահերը պաշտպանեինք», - նշեց Շախնազարյանը:

Այս պնդումներն էլ տրանսպորտի վարչության պետը չի ընդունում: Ասում է՝ քանի որ «Իմպեքս»-ը հրաժարվել է կատարել մրցույթի պահանջը, քաղաքապետարանը չէր կարող սպասել նրանց, ուստի նոր մրցույթ են հայտարարել, որ Երևանում հնարավորինս շուտ տեղադրվեն ճանապարհային նշանները:

«Իմպեքս»-ի պայմանագիրը, դատարանով որ բողոքարկվել է, խզվել է էն պատճառով, որ տեխնիկական բնութագրում նշված է եղել համապատասխան պահանջ, և պահանջը էդ երբ որ ներկայացվել է, որպեսզի կատարի, տվյալ կազմակերպությունը չի կատարել, պայմանագիրը օրենքի ուժով խզվել է», -ասաց Հարությունյանը:

«Իմպեքս» ընկերությունը հիմնադրվել է 2018-ին, մասնակցել է պետական ու մասնավոր մի շարք մրցույթների: Ընկերության հիմնադիրն «Ազատությանն» ասաց՝ մինչև 2023 թվականը քաղաքապետարանի հայտարարած մի քանի մրցույթ են շահել ու բարեհաջող ավարտին հասցրել: Բայց նաև հավելեց՝ մի քանի անգամ դատի են տվել քաղաքապետարանին:

«2023 թվականի հունիսից հետո, երբ որ մենք դիմել ենք դատարան, արդեն ութ թե ինը որոշում կա տարբեր ատյանների՝ մինչև վճռաբեկ, որոնք բոլորը վերաբերում են ճանապարհային նշանների մրցույթներին մեր մասնակցած, ու բոլորը շահել է «Իմպեքս» ՍՊԸ-ն: Դա արդեն խոսում է ինչ-որ բանի մասին: Մենք ենք դատի տվել որոշումները քաղաքապետարանի կողմից՝ թե՛ սև ցուցակում մեզ ներառելու, թե՛ գումարը չվճարելու կատարած աշխատանքի», - նշեց Շախնազարյանը:

Վազգեն Հարությունյանը նաև գրել է՝ ընկերության կողմից առերևույթ կեղծ տվյալներ ներկայացնելու մասին տեղեկություններ ունի ու դրանք ներկայացրել է իրավապահներին, բայց դեռ այս ուղղությամբ քայլեր չի տեսել: «Իմպեքս»-ից ասացին՝ «թող հրապարակեն էդ փաստացի հիմքերը, հասկանանք»:

Ինչո՞ւ 2023-ից հետո «Իմպեքս» ընկերության ու քաղաքապետարանի ջրերը մի առվով չեն գնում: Ընկերության հիմնադիրը գերադասեց չպատասխանել այս հարցին, առայժմ, ասաց, «միտումների մասին ոչ մի մեկնաբանություն չեմ անում»:

Տրանսպորտի վարչության պետն էլ համոզված է՝ ճանապարհների փոփոխությամբ պայմանավորված՝ նշանների տեղադրումը չէին կարող ձգձգել:

«Երևանի քաղաքապետարանը, տրանսպորտի վարչությունը՝ իմ գլխավորությամբ, գործել է բացառապես օրենքի շրջանակներում, բոլոր դրա հավաստող փաստաթղթերը արդեն իսկ տրամադրված են, և առաջիկայում կտեսնեք», - պնդեց նա:

Հարությունյանը քաղաքապետարանի միակ պաշտոնյան չէ, որ մեղադրյալ է. վերջին երեք տարիներին քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաներ քրեական տարբեր գործերով են անցնում, ոմանք արդարացվել են, մի մասի գործով քննությունները շարունակվում են: Դեռ դատարաններում են նաև թաղապետերից մի քանիսի գործերը:


XS
SM
MD
LG