Այսօր ժամը 13:30-ի սահմաններում կրակոցներ են հնչել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 13 հասցեում։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայրից «Շենգավիթ» բժշկական կենտրոն տեղափոխված 40-ամյա տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել: Դեպքի վայրում Շամշյանն արնանման հետքեր է ֆիքսել:
«Պացիենտը բժշկական կենտրոն է տեղափոխվել հարազատների կողմից՝ անգիտակից վիճակում, ծայրահեղ ծանր վիճակում՝ առանց կենսական կայուն ցուցանիշների։ Անմիջապես իրականացվել են անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումներ, սակայն, ցավոք, գիտակցության վերականգնում չի արձանագրվել, և գրանցվել է կենսաբանական մահ», - «Ազատությանը» փոխանցեցին «Շենգավիթ» ԲԿ-ից:
«Ազատության» տեղեկություններով՝ տղամարդը 44 տարեկան էր, մահացու հրազենային վնասվածքը հասցվել է սրտի հատվածում։ Միջադեպի բուն պատճառն առայժմ հայտնի չէ:
Ներքին գործերի նախարարությունից «Ազատությանը» հայտնեցին՝ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Քննչական կոմիտեից էլ ասացին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով (Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով): Նախաքննությունը շարունակվում է։