Մատչելիության հղումներ

Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրական հանցագործությունների դեմ օրենսդրական խստացումներ է առաջարկում

Հակակոռուպցիոն կոմիտեի դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենսդրական խստացումներ նախաձեռնելու առաջարկով:

Հակակոռուպցիոն կոմիտեում նախնական ամփոփվել են Ազգային ժողովի ընտրություններին նախորդած ժամանակահատվածում բացահայտված կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ իրականացվող վարույթների տվյալները։ Վեր են հանվել այդ հանցագործությունների դրսևորման մեխանիզմները և դրանց կատարմանը նպաստող հանգամանքները, որոնց հիման վրա կոմիտեի նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ առաջարկելով նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ, որոնք հետայսու նվազագույնի կհասցնեն բացահայտված հանցավոր սխեմաների կիրառման հնարավորությունը, այդ թվում՝ այդպիսի սխեմաներում ներգրավված քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրական գործընթացներին արգելելու եղանակով:

Վերջին շրջանում Հակակոռուպցին կոմիտեն հայտնում էր ընտրակաշառքի դեպքեր բացահայտելու մասին: Իրավապահները ընդդիմադիր ուժերին առնչվող ձայնագրություններ էին հրապարակել: Նրանք հերքում են իրավապահների տարածած հաղորդագրությունները, հայտնում, թե իշխանությունները ճնշում են գործադրում իրենց վրա: Իշխանությունները հերքում են ճնշումների մասին ընդդիմության պնդումները՝ նրանց պարբերաբար քննադատելով ընտրակեղծարարությունների համար:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարել է, որ Ազգային ժողովի օրակարգ կբերվի երեք օրենսդրական նախաձեռնություն:

Առաջին օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ Սիմոնյանի, կխստացվի ընտրակաշառք տալու և վերցնելու համար պատիժը: Նախկինում վերցնելու համար պատիժը մինչև 7 տարի էր, ընտրակաշառք տալու համար՝ մինչև 8 տարի:

«Կխստացվի ու կսահմանվի վերցնելու համար մինչև 9 տարի ազատազրկում, իսկ տալու համար մինչև 10 տարի ազատազրկում», - ասաց Ալեն Սիմոնյանը:

Մյուս օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է բնակավայրերում դրոշի տեղադրմանը. «Բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ, հիմնական մուտքերից մեկի մոտ կամ բոլոր մուտքերի մոտ պարտադիր կերպով պետք է տեղադրված լինի նվազագույնը 1-ը 2-ի վրա չափով Հայաստանի Հանրապետության դրոշ»,- նշեց Սիմոնյանը:

Երրորդ օրենսդրական նախաձեռնությունը, որը, ըստ Ալեն Սիմոնյանի, «պատմական» է, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին է, կփոփոխվի պատգամավորների երդման տեքստը:

«Այն կդառնա շատ ավելի համահունչ այսօրվա իրականությանը, իրական պետությանը և մեր օրենսդրությանը, ինչպես նաև մեր հայ ժողովրդին բնորոշ և հայ ժողովրդի համար կարևոր բաների մասին կլինի»,- ասաց նա:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG