Մատչելիության հղումներ

«Գյումրեցուն հարցրե՞լ եք». ՔՊ-ն Գյումրիի ավագանուն առաջարկեց մանդատները վայր դնել

Գյումրիի ավագանու աշնանային նստաշրջանի առաջին նիստը բավականին լարված անցավ: Արդեն 11 ամիս Գյումրիի քաղաքապետին փոխարինող փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը ՔՊ-ականների մի քանի հարցերից ու քննադատությանից հետո հայտարարեց, որ Գյումրիում կառավարման ճգնաժամ չկա:

Առաքելյանին արձագանքեց ՔՊ խմբակցության քարտուղար Էդգար Բաղդասարյանը, թե՝ «գյումրեցուն հարցրե՞լ եք» ու առաջարկեց մանդատները վայր դնել:

ՔՊ խմբակցության նորանշանակ ղեկավար Շավարշ Արամյանը ևս մեկ անգամ հստակեցնելու համար Առաքելյանին հարցրեց, թե արդյոք մանդատները վայր դնելու մասին հայտարարությունը պաշտոնակա՞ն է: Փոխքաղաքապետը հաստատեց:

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մեղադրվում է չորս միլիոն դրամ կաշառք վերցնելու համար, նա անցած հոկտեմբերին բանտարկվեց, այս հուլիսին դատարանը նրա նկատմամբ տնային կալանք սահմանեց: Իշխանությունը, վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, տևական ժամանակ է հայտարարում է, որ Գյումրին վատ է կառավարվում, իրենք էլ այնտեղ հնարավորինս շուտ արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրություն ունեն: ՔՊ-ն սովորաբար կոշտ քննադատում է Ղուկասյանի թիմակիցներին, ու այսօր էլ բացառություն չէր: Խմբակցության քարտուղարը Ավետիս Առաքելյանին նաև ուղիղ հարցրեց, թե ինչու են որոշ աշխատակիցների կանչում ու պարտադրում ազատման դիմում գրել:

Բուռն քննարկումների առիթ դարձավ նաև Գյումրու օրվա համար գումար հատկացնելու հարցը: Ավետիս Առաքելյանն ակնարկեց, որ 17 մլն դրամից բացի նաև բարեգործ կա, ով կֆինանսավորի մնացածը, բայց այդպես էլ անուն չտվեց: Անցած տարի այս տոնակատարության գումարը հատկացրել էր գործարար Սամվել Կարապետյանի ընդդիմադիր «Մեր ձևով» շարժումը: Հենց Կարապետյանի առաջնորդած ուժի ցուցակով էլ Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը պատգամավոր էր ընտրվել, սակայն վերջին պահին հրաժարվեց մանդատից՝ շարունակելով աշխատանքը Գյումրիում:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG