Մատչելիության հղումներ

ՔՊ-ն դեռ չի բացահայտում, թե ով է հավակնում ղեկավարել ԱԺ առողջապահության հանձնաժողովը

Ազգային ժողովի առողջապահության հանձնաժողովի նախագահի սկանդալային հրաժարականից հետո այդ պաշտոնի համար առաջադրումներն ու ինքնառաջադրումներն ավարտվել են, «Ազատությանը» փոխանցեց նույն հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Բայց ՔՊ-ն առայժմ չի բացահայտում, թե ով է հավակնում ղեկավարել այդ հանձնաժողովը. այստեղ քվոտան իշխանությանն է:

«Այս պահին որևէ որոշում չկա, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նամակ է գրել ու խմբակցության պատգամավորներին տեղեկացրել է, որ կարող են ինքնառաջադրվել կամ առաջադրումներ անել», - ասաց Հակոբյանը:

Թե ովքեր են ինքնառաջադրվել կամ առաջադրել որևէ մեկին, Հրաչյա Հակոբյանն ասաց՝ տեղյակ չէ: Ինքն անձամբ չի հավակնում զբաղեցնել այս պաշտոնը: Ինչո՞ւ, բացատրեց ընդամենը չորս բառով. «Չեմ ուզում լինել հանձնաժողովի նախագահ»:

Հարցին՝ իսկ որևէ մեկին կառաջադրի՞, Հակոբյանը պատասխանեց. «Ոչ, որովհետև եթե որևէ մեկին առաջադրեի, արդեն առաջադրած կլինեի»:

Վարչապետի տիկնոջ եղբայր Հրաչյա Հակոբյանը չի առաջադրվել նաև «Քաղաքացիական պայմանագրի» ընտրական ցուցակում ընդգրկվելու համար: Այդ որոշման մասին ևս հայտնել է առանց պատճառները բացատրելու: Հանձնաժողովի նախագահի պաշտոնին չի հավակնում նաև դրա փոխնախագահի պաշտոնից մեկ տարի առաջ հրաժարված Լուսինե Բադալյանը: Բայց ունի նախընտրելի թեկնածու, որին առաջադրել է:

«Ես չեմ առաջադրվել, ես իմ աշխատանքներն իրականացնում եմ որպես հանձնաժողովի անդամ ու մեծ հաճույք եմ դրանից ստանում: Որևէ պատճառ չկա, չեմ ուզում ուղղակի, պարտադիր չի լինել ինչ-որ ղեկավար պաշտոնում, կարելի է լինել պատգամավոր ու աշխատել շատ ավելի լավ», - նշեց նա:

Թե ով է Լուսինե Բադալյանի առաջադրած թեկնածուն, պատգամավորը չցանկացավ հայտնել. «Ես չեմ կարող այդ ինֆորմացիան տալ, դեռ խմբակցությունը պետք է ընտրի, խմբակցության նիստ պետք է լինի, որի ընթացքում մենք պետք է ընտրենք թեկնածուներից որևէ մեկին ու հետո նոր արդեն Ազգային ժողովի լիագումար նիստում նա կներկայանա»:

Բացի Հրաչյա Հակոբյանից և Լուսինե Բադալյանից հանձնաժողովի անդամներ են նաև Էմմա Պալյանն ու Վանիկ Օհանյանը: Նրանց հետ, սակայն, կապ հաստատել չհաջողվեց, երկուսն էլ ո՛չ զանգերին, ո՛չ նամակներին չպատասխանեցին:

«Քաղաքացիական պայմանագիր»-ն ընտրելու է Առողջապահության հանձնաժողովի արդեն չորրորդ նախագահին: Այդ պաշտոնից և պատգամավորի մանդատից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով նախ հեռացավ Նարեկ Զեյնալյանը, հետո նրան փոխարինած Արսեն Թորոսյանը կառավարություն տեղափոխվեց և այդ պաշտոնում ընտրվեց մասնագիտությամբ բուժքույր Հռիփսիմե Հունանյանը: Երեք ամսվա աշխատանքից հետո նա ևս հեռացավ՝ պատճառաբանելով, որ հրաժարական է տալիս՝ իր հնչեցրած մտքերի և «վրիպումների» պատճառով:

«Մեր պետությանը միայն զինվորներ պետք չեն, մեր պետությանը նաև պետք են գլուխներ, որոնք կօգնեն պետության տարբեր ճյուղերի զարգացման համար», - ասել էր Հունանյանը:

Ըստ օրենքի՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահին պատգամավորներն ընտրում են փակ քվեարկությամբ:

Արդյոք հաջորդ շաբաթ մեկնարկող քառօրյային ՔՊ-ն թեկնածուին կառաջադրի՞, խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը դժվարացավ ասել: Մինչև այդ առաջադրվածներին և ինքնառաջադրվածներին կլսեն խմբակցության փակ նիստում:

«Մենք բոլոր որոշումներով ֆրակցիայի նիստ ենք ունենում, որոշումների մասին այնտեղ էլի... և՛ տվյալներն ենք ամփոփում, և՛ քննարկում, քվեարկություն ենք ունենում, ամեն ինչ ֆրակցիայի նիստին անում ենք թափանցիկ», - ընդգծեց Հակոբյանը:

Առողջապահության հանձնաժողովն ունի յոթ անդամ, որից հինգը՝ իշխանական: ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանը չբացառեց, որ հանձնաժողովի նախագահ ընտրեն գործող կազմում չընդգրկված այլ պատգամավորի:





XS
SM
MD
LG