Մատչելիության հղումներ

ՔՊ-ական պատգամավորը հերքում է Փաշինյանի պնդումները

ՔՊ-ական Հայկ Սարգսյանը հերքում է, որ իր անվան հետ կապված որևէ կոռուպցիոն կասկած է քննարկվել կուսակցությունում: Այդ դեպքում ինչի՞ մասին էր խոսում կուսակցության ղեկավարը: Նիկոլ Փաշինյանին մոլորեցրե՞լ են, թե՞ ստում է:

«Ես չեմ ցանկանում այդ հարցին պատասխանել, - ասաց Հայկ Սարգսյանը և նշեց, - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում որևէ քննարկման ժամանակ համենայն դեպս իմ ներկայությամբ որևէ մեկն ինձ չի մեղադրել կոռուպցիոն որևէ սխեմայի, գործարքի կամ որևէ երևույթի մեջ: Նշեմ՝ որևէ գործով ես չեմ անցնում, չեմ անցել»:

Վարչապետն անցած շաբաթ իր կուսակցին առնչվող կոռուպցիոն կասկածի մասին հրապարակային արտահայտվեց, բայց մինչև վերջ չխոսեց ու պարզ չէ՝ կոնկրետ ինչ դեպքի մասին էր ակնարկում: Նույնիսկ Հայկ Սարգսյանին զգուշացրեց՝ իր շահերից չի բխի, որ նրա մասին քննարկումները հրապարակվեն:

«Չեմ կարծում, թե այդ քննարկումների բովանդակությունը հանրային դարձնելուն ուղղված գործողությունները բխում են պարոն Սարգսյանի շահերից», - ասել է վարչապետը:

«Ես խնդրում եմ հրապարակել դրանք, և բոլորին պարզ կդառնա, որ այդ նիստերի բովանդակության հրապարակումը ուղիղ բխում է իմ շահերից», - արձագանքեց Հայկ Սարգսյանը:

Փաշինյանի վաղեմի թիմակիցը պնդում է՝ կոռուպցիոն գործարքների մեջ թաթախված չէ, իր թիմակիցներն են իր մասին կուսակցությունում այդպիսի թեմա բացել: Իր բացակայությամբ քննարկում ծավալել ու իրեն մեղադրել կոռուպցիոն գործարքի համար, թե կոնկրետ ինչի՞ համար, փակագծեր չի բացում Հայկ Սարգսյանը:

«Ըստ մամուլի հրապարակումների, իհարկե, որոշ վարչության անդամներ իմ բացակայությամբ ինձ մեղադրել են որևէ կոռուպցիոն կամ ոչ կոռուպցիոն ինչ-որ գործերի մեջ», - նշեց նա:

Պատգամավորն ասում է՝ երկու տարի առաջ ինքն է կուսակցությունում խոսել ՔՊ-ականների ենթակայությամբ գործող գերատեսչություններում տիրող խնդիրների մասին: Տավուշի ու Լոռու մարզերի անտառահատումների, օնլայն կազինոների և այլն: Բայց զարգացումներն, ըստ նրա, չեն եղել այնպես, ինչպես ակնկալել է, խնդիրների հասցեատերերի հետքերով չեն գնացել, ասում է՝ մի բան էլ իրեն են մեղադրում:

«Ցավալի է, որ կան գործընկերներ, ովքեր իմ հնչեցրած մտքերը փորձում են օգտագործել իմ դեմ և այն հնարավոր բաները, որոնց մասին ես խոսել եմ, փորձում են վերագրել ինձ: Դա չի ստացվելու», - ասաց նա:

Հայկ Սարգսյանի ու նրա եղբոր թեկնածությունն էլ կուսակցության նախընտրական ցուցակում չհաստատվեց: Նրանք նույնիսկ ընդդիմացան վարչության որոշմանը, բողոքարկեցին, բայց Փաշինյանի վաղեմի զինակիցներին այդպես էլ թույլ չտվեցին ցուցակ մտնել: Դրան էլ հաջորդեց արդեն վարչապետի վերջին հայտարարությունը:

«Ես իմ գործունեությամբ ցավացրել եմ որոշ մարդկանց, դեռևս չեմ ցանկանում անուններ տալ», - ասել է Հայկ Սարգսյանը:

ՔՊ-ական պատգամավորը հատկապես լարված հարաբերություններ ունի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Նա ասում է, թե դա ուղիղ կապ ունի օնլայն կազինոների դեմ իր հեղինակած օրինագծի հետ: Ամիսներ շարունակ պատգամավորը պնդում է, որ կազինոների սեփականատերերը իշխող կուսակցության վարչության վրա ազդեցություն ունեն, բայց նրա հայտարարություններին իրավապահներն ընթացք չեն տալիս:

«Ես կարծել եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում իմ կատարած գործունեության համար ինձ պետք է շնորհակալություն հայտնեն, դուք ասացիք՝ մեդալ տան, դեմ չէի լինի, բայց ինձ հայտարարվել է խիստ նկատողություն, ինչը ես չեմ ուզում մեկնաբանել», - ասաց Սարգսյանը:

Կոռուպցիոն կասկածների մասին վարչապետի հայտարարությունից օրեր առաջ Հայկ Սարգսյանի անունը դատարանում հնչեց՝ նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանին առնչվող ոչխարների արտահանման գործով: Աղազարյանը մեղադրվում է ենթադրյալ կոռուպցիոն գործարքի համար: Այս գործով անցնող անձանց գաղտնալսված հեռախոսային զրույցներում մի դրվագ կար, որ այդ մարդիկ մականունով խոսում են Հայկ Սարգսյանի մասին, թե նա էլ է եղել ոչխարների արտահանման ու ուրիշ գործերում:

«Չկա նման բան, դա սուտ է, կեղծ է, որևէ մեկը ինձ ո՛չ այդ գործով, ո՛չ որևէ այլ գործով չի կանչել, չի լսել, չի ներգրավել: Ես դրա մասին առաջին անգամ լսել եմ մամուլից», - նշեց պատգամավորը:

Այդուհանդերձ Փաշինյանի հետ քաղաքական ճանապարհ անցած Հայկ Սարգսյանը չի բացառում, որ իր դեմ քրեական գործ կհարուցեն կամ կկալանավորեն. «որևէ բան ո՛չ հաստատում եմ, ո՛չ բացառում եմ»:

ՔՊ-ական պատգամավորի վերաբերյալ կոռուպցիոն կասկածների մասին Փաշինյանը բարձրաձայնեց ու նրան հրապարակային զգուշացրեց, երբ Հայկ Սարգսյանն ընդդիմացավ ՔՊ վարչության որոշմանը ու սկսեց խոսել Փաշինյանի ղեկավարած կուսակցությունում տիրող իրավիճակի մասին:




XS
SM
MD
LG