Հաագայի միջազգային դատարանը Կոսովոյի ազատագրական բանակի նախկին հրամանատար, Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչիին մեղավոր է ճանաչել արդարադատությանը խոչընդոտելու համար և նրան դատապարտել 17 ամսվա ազատազրկման։
Այս պատիժը կավելանա 25 տարվա ազատազրկմանը, որը նրան արդեն սպառնում է այս տարվա սկզբին առանձին, բայց փոխկապակցված ռազմական հանցագործությունների գործով մեղավոր ճանաչվելուց հետո։
Թաչիին 11 մեղադրանք է առաջադրվել, այդ թվում՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, պաշտոնյաներին իրենց պարտականությունները կատարելուն խոչընդոտելու և դատական նիստերի գաղտնիությունը խախտելու համար:
Մեղադրող կողմը, որը պահանջում էր նրան վեց տարվա ազատազրկման դատապարտել, նշել է, որ Թաչին Հաագայում կալանքի տակ եղած ժամանակ իրեն այցելած չորս նախկին գործընկերներին հանձնարարել է համոզել վկաներին, որպեսզի վկայություն տան իր օգտին:
Սեպտեմբերին Հաագայի հատուկ տրիբունան Թաչիին և 1998-99 թվականների պատերազմում սերբական ուժերի դեմ կռված Կոսովոյի ազատագրական բանակի ևս երեք նախկին առաջնորդների մեղավոր էր ճանաչել անօրինական և կամայական ձերբակալության և կալանավորելու, դաժան վերաբերմունքի, խոշտանգումների և սպանության համար։
Դատավճիռը և պատժի անակնկալ երկար տևողությունը Կոսովոյում զայրույթի ալիք էր բարձրացրել շատերի շրջանում, որոնք Թաչիին և նրա համախոհներին համարում են Կոսովոյի անկախության շարժման հերոսներ։ Դատարանի վճռից հետո նաև զանգվածային ցույցեր տեղի ունեցան:
Առաջին վճռից հետո Թաչին հայտարարել է, որ բողոքարկելու է դատավճիռը: Ակնկալվում է, որ Կոսովոյի նախկին նախագահը կբողոքարկի նաև երկրորդ վճիռը:
Մեկնաբանելով նոյեմբերի 17-ի որոշումը՝ Թաչիի ղեկավարած Կոսովոյի դեմոկրատական կուսակցության նախագահի պաշտոնակատար Վլորա Չիտակուն դատավճիռն «ամոթալի» և «անընդունելի» է որակել։