«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը քննադատում է վաղը Երևանում անցկացվելիք զորահանդեսը, որտեղ ցուցադրվելու է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ձեռքբերված սպառազինությունը, այդ թվում՝ Ֆրանսիայից, Հնդկաստանից:
Երկրորդ նախագահն այսօր հիշել էր Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլիին. «Ռուսաստանի հետ հարաբերությունները բավականաչափ փչացրած և արդեն Արևմուտքից որոշ տեխնիկա ստացած՝ զրահատեխնիկա, ինչ-որ մեքենաներ և այլն, որ չնչին էին, բայց ցույց էին տալիս, ասում էր՝ «նենց բանակ կառուցեցինք, ռուսական բանակը քայքայված է»: Ասի՝ գլուխդ ցավում է, լավ չես պատկերացնում, թե ինչ պատմության մեջ կարող ես հայտնվել, մայիսի 26-ին մի հատ շքերթ է անում սիրուն, ամեն ինչով, ուղիղ երկու ամիս հետո 3 օրում ռուսական բանակը հայտնվում է Թիֆլիսի մոտակայքում»:
Թե ինչո՞ւ էր այս պատմությունը հիշեցնում գորիսեցիներին, երկրորդ նախագահը չմանրամասնեց՝ արդյոք նկատի ունի՞, որ ռուսները նաև Հայաստանում կարող են ռազմական գործողություն իրականացնել: Հայ-ռուսական հարաբերությունների թեման Քոչարյանի Սյունիքում հանդիպումների առանցքում էր:
«Բարեկամ երկիր տեսնելով Հայաստանին իրենք տեսնում են ոչ բարեկամ կառավարություն և փորձում են այդ կառավարությանը հոuշել, որ սա անվերջ չի կարող շարունակվել, հետևանքներ է ունենալու», - նշեց Քոչարյանը:
Սյունիքով անցնող «Թրամփի ուղու» գործարկման համար էլ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի մասնակցությունն է տեսնում, հակառակ դեպքում, վստահ է՝ նախագիծը տապալված է: Բայց հարց է, թե ինչու պետք է Վաշինգտոնը համաձայնի. «Բանակցելու հարց է, դու փորձե՞լ ես դա անել, չես փորձել: Այդ հավանակությունը չեմ ասում 90 տոկոսանոց է, նույնիսկ 10 տոկոսանոց հավանականությունը դու փորձե՞լ ես կյանքի կոչել, չեն էլ փորձում: Ինչի՞ եք որոշում էն գլխից, որ դա հնարավոր չէ»:
Երկրորդ նախագահը, սակայն, չհիշեց, որ 44-օրյա պատերազմից հետո այդ ճանապարհի գործարկման անվտանգությունը Ռուսաստանն էր ստանձնել, բայց մինչ դա տեղի կունենար, ռուսները հեռացան Արցախից ու նոյեմբերի 9-ի փաստաթուղթը վերջնական մոռացության մատնվեց: Հիմա Քոչարյանը համոզված է՝ Հայաստանը որևէ օգուտ չունի TRIPP-ից:
«Սա Միացյալ Նահանգների ծրագիր է Հայաստանի տարածքում Թուրքիայի և Ադրբեջանի համար: Հաստատ մեզ համար չեն անում, Ադրբեջանի շահն ակնհայտ երևում է, դա կապն է Նախիջևանի հետ ու կապը Թուրքիայի հետ», - ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը:
Հակառակ Հայաստանի իշխանությունների՝ Քոչարյանը տեսնում է արցախցիների վերադարձի հնարավորություն: Պաշտոնական Երևանն այդ էջը փակել է՝ զգուշացնելով, որ նման հարց բարձրացնելու դեպքում ադրբեջանցիներն էլ իրենց վերադարձի մասին են խոսելու:
«Արցախ վերադառնալու իրավունքը անբաժանելի իրավունքն է արցախահայության: Ես չեմ համարում, որ սա կոնֆլիկտածին է, երևի ռեալ չի այս պահին,: Խոսքը պետք է գնա երաշխավորված վերադարձի մասին, այո, ռեալ է: Իրականում դժվար է դրա դեմ պայքարել, օրինակ, Ադրբեջանի համար շատ դժվար է լինելու, պետք է հիմնավորի, թե ինչու», - նշեց երկրորդ նախագահը:
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը նախորդ ընտրություններում երկրորդ տեղում էր՝ 21 տոկոս քվեով: Ըստ միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հարցման՝ խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժն այս անգամ գուցե չհաղթահարի անցողիկ 8 տոկոսի շեմը: