«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հերքում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե տարիներ առաջ ինքը ձայնային հաղորդագրություն է ուղարկել Ռուսաստանի նախագահ Պուտինին՝ հայաստանյան ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ։
Երկրորդ նախագահը, միաժամանակ, չի պատրաստվում Փաշինյանի դեմ դատական հայց ներկայացնել՝ զրպարտության հիմքով. «Չենք պատրաստվում ժամանակ ծախսել քաղաքական մանր-մունր խաղերի վրա, վստահ ենք, որ հունիսի 7-ից հետո Փաշինյանը պատասխանատվության է ենթարկվելու ոչ թե կեղծ նյութեր գեներացնելու և տարածելու, այլ Հայաստանի դեմ հանցանքներ կատարելու համար»,-այսօր «Ազատությանը» փոխանցեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, պատգամավորության թեկնածու Ագնեսա Խամոյանը։
Փաշինյանն այսօր ավելի վաղ պնդել էր, թե կարող է երաշխավորել, որ սոցիալական ցանցերում տարածված ձայնագրությունը իրական է, և որ Ռոբերտ Քոչարյանը փորձել է այն Ռուսաստանի նախագահին հասցնել երրորդ անձի միջոցով։ «Դա իրական և օրիգինալ ձայնագրությունն է, երաշխավորում եմ»,- հայտարարել է Փաշինյանը։