Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընտրվելու դեպքում խոստանում է համաներում հայտարարել: Նա այս մասին խոսելիս շեշտել է՝ «այն գործերը, որ քաղաքական բաղադրիչ ունեն»:
Ո՞ր գործերը նկատի ունեն, որո՞նք են համարում քաղաքական՝ վարչապետի պաշտոնին հավակնող ընդդիմադիր առաջնորդը փակագծեր չի բացել:
«Մեծ համաներումը մեր ծրագրային դրույթն է, բայց համաներումը քիչ է, պետք է հասկանանք պատճառը՝ ո՞նց եղավ, որ մի ամբողջ համակարգ սկսեց դակել նման կարգի գործեր», - ասել է Քոչարյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության սկզբում մեկ անգամ համաներում հայտարարվեց: Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի կառավարման օրոք էլ է եղել: Ռոբերտ Քոչարյանի խոսքերից տպավորություն է, որ ընդդիմադիր ուժը հատկապես քաղաքական բնույթի քրեական գործերով է հետաքրքրված: Նրա թիմակից դաշնակցական Գառնիկ Դանիելյանը հստակեցնում է՝ միայն քաղաքական գործերը նկատի չունեն, մարդասիրական մեծ համաներում են անելու: Առաջարկի հեղինակներից մեկն էլ ինքն է:
«Ես դրա մասին շատ եմ բարձրաձայնել և նաև պատգամավորների հետ քննարկման ժամանակ, որ անպայման նպատակահարմար եմ գտնում, որ համաներում հայտարարվի», - «Ազատությանն» ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Ռոբերտ Քոչարյանի տասնամյա կառավարման օրոք համաներում է հայտարարվել Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ:
Հայաստանի նախկին ղեկավարը Փաշինյանին քննադատում է նաև ենթականների հետ ոչ պատշաճ վարվելու համար, թե մեկ նամակով աշխատանքից հեռացնում է. «Ինձ համար մի խայտառակ փաստ է, երբ sms-ներով կարելի է ԲԴԽ-ի նախագահ ազատել, Քննչական կոմիտեի, Հակակոռուպցիոնի: Այսօր հայտարարությունը չգիտի՝ պատճառը որն էր»:
Քոչարյանի քննադատությունը զարմացրել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանին, որ նրա կառավարման տարիները լավ հիշում է:
«Հրահանգավորված պետական կառավարման հիմքերը, ըստ էության, նրա ժամանակներից են դրվել, և Փաշինյանը նրա լավագույն հաջորդներից կարելի է համարվել, կոշտ, ցուցադրական պաշտոնավարում էր», - «Ազատության» հետ զրույցում նկատեց նա:
Իրավապաշտպան Հարությունյանը 2000-ականներին ընդդիմադիր ակտիվ գործիչ էր, ու նրա կարծիքով՝ Քոչարյանն էլ, Փաշինյանն էլ ընդդիմախոսներին ու քննադատներին չեն հանդուրժում. «Լավ է, որ շեշտադրում և հիշեցնում է այդ մասին, բայց վատ է, որ ինքն է հիշեցնում, որովհետև էապես չի տարբերվել ինքն իշխանավարման իր ոճով Փաշինյանից»:
Կոնկրետ օրինակներ, որ Քոչարյանը ենթականերին աշխատանքից մեկ հրահանգով ազատել է, իրավապաշտպանը չհիշեց:
Քոչարյանի պաշտոնավարման տարիների մասին որոշ օրինակներ կան Freedom House-ի 2007 թվականի զեկույցում: 2003-ի ընտրությունների երկրորդ փուլում ընդդիմության 200-ից ավելի կողմնակից էր դատապարտվել խուլիգանության ու չարտոնված ցույցերին մասնակցելու մեղադրանքով, իսկ հաջորդ տարի սկսված բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ բռնություն էր կիրառվել ջրցան մեքենաներով, մահակներով և լուսաձայնային նռնակներով: Այս իրադարձություններից հետո ԵԽԽՎ-ն կոչ էր արել Հայաստանի իշխանություններին քննել ընտրական խախտումներն ու քայլեր ձեռնարկել՝ վերացնելու ֆիզիկական վատ վերաբերմունքն ու այլ չարաշահումները: