Վրաստանի կառավարությունը հայտարարել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենի՝ ավելի վաղ նախատեսված հանդիպումը չեղարկվել է։
Կառավարության աշխատակազմի գրավոր հայտարարության մեջ նշվում է. «Երեկվա անօրինական հանրահավաքին մասնակցելու և կեղծ հայտարարություններ տարածելու պատճառով վարչապետը չեղարկել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարի հետ նախատեսված հանդիպումը»:
Կառավարությունը չի բացատրել, թե ինչու է Ռուսթավելի պողոտայում անցյալ տարվա նոյեմբերից անցկացվող հանրահավաքը համարվում «անօրինական»։
Էլինա Վալտոնենը տարածաշրջանային այցով Վրաստան է ժամանել հոկտեմբերի 14-ին: Նույն օրը նա նախ հանդիպել է արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլիի հետ՝ ափսոսանք հայտնել «Վրացական երազանքի» քաղաքական հակառակորդների և ակտիվիստների ձերբակալությունների կապակցությամբ: Ավելի ուշ նա մասնակցել է Թբիլիսիում կայացած հանրահավաքին, որտեղ զրուցել է ցուցարարների հետ: Վալտոնենը նաև հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Ռուսթավելի պողոտայից Վալտոնենը տեսանյութ է հրապարակել X սոցիալական ցանցում ու գրել. «Խաղաղ ցուցարարները հավաքվել էին Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց՝ իրենց մտահոգությունը հայտնելու իրենց երկրի բռնաճնշումների վերաբերյալ: Նրանք ունեն ժողովրդավարության, խոսքի ազատության և մարդու հիմնարար իրավունքների լիարժեք իրավունք: Մենք այստեղ ենք՝ նրանց աջակցելու համար»: