Այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ ճնշումների, ընտրական գործընթացներին միջամտության մասին տեղեկատվության առթիվ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե: Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:
Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցել են, որ հաղորդումը ստացել են, ուսումնասիրման փուլում է:
Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունն էր այսօր հայտարարել, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով՝ տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն։
Այդ գործողությունները, ըստ ԱՀԾ-ի, «ներառում, սակայն չեն սահմանափակվում տվյալ քաղաքական ուժերին նշված գործարարների կողմից ֆինանսական և կազմակերպական բնույթի աջակցության գործողություններով»։
Հայտարարությունը փաստեր չի ներկայացնում, չի մանրամասնում՝ որ երկրի մասին է խոսքը, և ինչ քայլեր են ձեռնարկվում: