Ուկրաինայի հետախուզական ծառայությունները հետևում են Բելառուսից ավելացող սպառնալիքներին, հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլո Բուդանովը՝ վստահեցնելով, որ Կիևին որևէ բան անակնկալի չի բերի։
Հարցին՝ արդյո՞ք Բելառուսը կարող է ավելի ակտիվորեն ներգրավվել Ուկրաինայի դեմ պատերազմում, և արդյո՞ք Բելառուսից այժմ ավելի լայն սպառնալիքներ են նկատվում, Բուդանովը պատասխանել է. «Ամեն ինչ հնարավոր է կյանքում»։
Հետախուզական ծառայություններն, այդուհանդերձ, հետևում են իրավիճակին, հավելել է նա։
«Սպառնալիքների որոշ ազդակներ կան, դրանք կարող են գոյություն ունենալ։ Սա չի կարող բացառվել։ Որպես ռազմական հետախուզության նախկին ղեկավար՝ կարող եմ ասել, որ պետք է ավելի զգոն լինել», - Interfax-Ուկրաինայի փոխանցմամբ՝ Կիևի անվտանգային ֆորումին ընդգծել է պաշտոնյան, - « Դա առաջին հերթին հետախուզական ծառայություններին է վերաբերում։ Նրանք սա արդեն արել են։ Մի՛ մտահոգվեք։ Որևէ բան մեզ անակնկալի չի բերի»։