Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը հարձակվել են Ռուսաստանի Սամարայի և Վոլգոգրադի մարզերի վրա:
Ինչպես տեղեկացնում են Astra-ն և տելեգրամյան Exilenova+ և Supernova+ ալիքները, Սամարայի մոտակայքում այրվում է «Տրանսնեֆտ» ընկերության գծային պոմպային կառավարման կայանը:
«Սամարա» գծային պոմպային կառավարման կայանը խոշոր արդյունաբերական կենտրոն է, որը ստանում, խառնում է տարբեր տեսակի նավթ, ապա տեղափոխում այն գլխավոր նավթատարներով։
Կառույցը զբաղեցնում է ավելի քան 216 հեկտար տարածք և ունի 71 պահեստարան։ Astra-ն հայտնում է, որ այն Եվրոպայի ամենամեծ պահեստարանն է։
Սամարայի քաղաքապետ Իվան Նոսկովը հայտարարել է, որը անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարձակումների սպառնալիքի պատճառով դադարեցվել է ցամաքային հասարակական տրանսպորտի աշխատանքը: Ռոսավիացիան սահմանափակումներ է մտցրել Սամարայի օդանավակայանում ինքնաթիռների վայրէջքի և մեկնման վրա:
Վոլգոգրադի նահանգապետ Անդրեյ Բոչարովը հայտնել է արդյունաբերական ենթակառուցվածքների վրա անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման մասին: Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Վոլգոգրադի Ուդմուրտսկայա փողոցի բնակելի շենքում: Նա հայտնել է, որ մեկ մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց:
Բոչարովը չի մանրամասնել, թե կոնկրետ որ օբյեկտներն են թիրախավորվել հարձակման ժամանակ։ Astra-ի վերլուծության համաձայն՝ հրդեհը հայտնաբերվել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանի և «Կաուստիկ» քիմիական գործարանի մոտակայքում, որոնք գտնվում են մոտ հեռավորության վրա (հրդեհից եկող լույսը տեսանելի է այդ ուղղությամբ)։ Կայքը նշում է, որ խմբագրության ձեռքի տակ եղած տեսանյութերի հիման վրա անհնար է որոշել, թե կոնկրետ ինչն է հրդեհվել։