Հինգ մարդ է զոհվել Խարկովի մարզում գնացքին ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածի հետևանքով, ևս երկու մարդ վնասվածքներ է ստացել, երեկ ուշ երեկոյան հաղորդել է մարզի դատախազությունը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ գնացքի վագոնում, որին հարվածել է անօդաչուներից մեկը, 18 մարդ է եղել, շարժակազմի ուղևորների ընդհանուր թիվը՝ 200-ից ավելի: Նա ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և մտերիմներին:
Փոխվարչապետ, Ուկրաինայի վերականգնման, համայնքների և տարածքների զարգացման նախարար Ալեքսեյ Կուլեբան սոցցանցերում գրել է, որ ըստ նախնական տեղեկատվության՝ Բարվենկովո-Լվով-Չոպ գնացքի վրա երեք «Շահեդ» անօդաչու է հարձակվել:
Ուղևորատար գնացքին հասցված հարվածը Կուլեբան անվանել է «քաղաքացիական անձանց դեմ ռուսական տեռորի ուղղակի ակտ», երբ «ոչ մի ռազմական նպատակ չկար»:
Ռուսաստանի իշխանությունները պատերազմի ամբողջ ընթացքում հերքում են նման մեղադրանքները: