Մատչելիության հղումներ

Կառավարությունը շարունակում է գնումներ կատարել Քոչարյանների «Տոյոտա»-ից

Toyota Camry ավտոմեքենա, արխիվ
Toyota Camry ավտոմեքենա, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող «Տոյոտա Երևան» ավտոսրահից 16 միլիոն դրամով՝ ավելի քան 42 հազար դոլարով Toyota Camry մեքենա է ձեռք բերել։ Համապատասխան պայմանագիրը կնքվել է այս շաբաթվա սկզբին՝ մարտի 24-ին։

Գնման ընթացակարգն իրականացվել է էլեկտրոնային աճուրդով, դրան մասնակցել է միայն «Տոյոտա Երևան»-ը և հաղթել։ Գնման փաստաթղթերից պարզ չի դառնում, թե ԱԱԾ-ում ում է սպասարկելու նշված Toyota Camry-ն, նախատեսվում է, որ մեքենան կմատակարարվի մինչև հունիսի վերջ։

Ավելի վաղ՝ անցած սեպտեմբերին, «Տոյոտա Երևան»-ից Toyota Land Cruiser 300 մակնիշի 2025 թվականի արտադրության մեքենա էր գնվել Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի համար։ Կառավարության նիստում հավանության արժանացած որոշմամբ այս նպատակով ծախսվել էր մոտ 125 հազար դոլար։ Մեքենան արդեն մատակարարվել է և այժմ սպասարկում է նախարարին։ 2024-ի ամռանը նույն մեքենայից նույն գնով՝125 հազար դոլարով ձեռք էր բերվել Քննչական կոմիտեի նախագահի համար։ Իսկ վերջին տարիների ամենամեծ գործարքը Կառավարության ու «Տոյոտա Երևան»-ի միջև Ոստիկանության Պարեկային ծառայության համար 175 մեքենաների ձեռքբերումն էր, որի արժեքն անցել էր 3.1 միլիարդ դրամը։ Դրանից առաջ էլ Պարեկայինի Շիրակի ու Լոռու մարզերի համար էին 2.4 միլիարդի Toyota-ներ գնվել։

Գործադիրը բոլոր այս դեպքերում նախընտրել է Toyota-ներ՝ այն դեպքում, երբ 2024-ին, օրինակ, ծառայողական մեքենաների շարքը համալրվել էր Toyota-ից էժան 49 Volvo-ներով։

Բացի այս ձեռքբերումներից, «Տոյոտա Երևան»-ը նաև զբաղվում է իր մատակարարած մեքենաների վերանորոգմամբ՝ պետական տարբեր մարմինների համար։ Միայն վերջին մեկ տարվա ընթացքում, ըստ գնումների համակարգի,«Տոյոտա Երևան»-ը վերանորոգման համար Հայաստանի բյուջեից մոտ 130 մլն դրամ է ստացել։

«Տոյոտա Երևան»-ը հիմնադրվել է 2006-ին, հենց այդ ժամանակ էլ ընկերության 30 տոկոսի բաժնետեր է դարձել Սեդրակ Քոչարյանը։ Վերջին տարիներին Դատախազությունը դատարանում վիճարկում է «Տոյոտա Երևան»-ում Քոչարյանին պատկանող բաժնետոմսերի օրինականությունն ու պահանջում բռնագանձել՝ որպես ապօրինի ծագման գույք։ Քոչարյանների բաժնեմասի վրա արգելանք է դրվել ։ Այնուհանդերձ, ընկերության բաժնետերերը շարունակում են «Տոյոտա Երևան»-ի գործունեությունից շահույթ ստանալ. օրինակ՝ 2024-ի տարեկան հաշվետվությունից պարզ է դառնում, որ ընկերության բաժնետերերը ավելի քան 1 միլիարդ դրամի շահաբաժին են ստացել։

«Տոյոտա Երևան»-ի բաժնետոմսերի մյուս 60 տոկոսը պատկանում է հետախուզման մեջ գտնվող խոշոր գործարար, Ռոբերտ Քոչարյանի հետ սերտ կապերով հայտնի Սամվել Մայրապետյանին։ 2018-ի հեղափոխությունից հետո իրավապահները նաև նրա հետ կապված էին քրեական գործ հարուցել։ Մեղքը չընդունող գործարարը, սակայն, 2019-ին առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել է Գերմանիա ու չի վերադարձել, արդեն ութ տարի հետախուզման մեջ է։


Մկրտիչ Կարապետյան


XS
SM
MD
LG