Մատչելիության հղումներ

Կառավարությունը ջրամատակարարման համակարգի կառավարման նոր պայմանագիր է կնքելու

Հայաստանի կառավարությունը նախատեսում է բարելավել խմելու ջրամատակարարման համակարգը՝ «ոլորտում միջազգային մեծ փորձով և բարձր հեղինակությամբ կազմակերպության հետ երկարաժամկետ նոր պայմանագրի հաստատմամբ», ասված է նոր կառավարության ծրագրում, որը շուտով կուղարկվի խորհրդարան։

Ներկայում Հայաստանի ջրամատակարարման ցանցի օպերատորը ֆրանսիական Veolia ընկերությունն է, որի հետ ՀՀ կառավարության պայմանագիրն ավարտվում է 2031թվականին։

Կառավարությունը, ըստ առաջիկա հինգ տարիների ծրագրի, նախատեսում է բարելավել ջրի որակը և ջրամատակարարման միջին տևողությունը. կառուցել «Սոլակ-Արզական-Երևան» ջրամատակարարման համակարգը, ուսումնասիրել և ներգրավել նոր ջրաղբյուրներ:

«Կապիտալ հիմնանորոգվելու են խմելու ջրամատակարարման առավել վթարային համակարգերը և բաշխիչ ցանցերը, կառուցվելու և վերակառուցվելու են ջրամատակարարման այլ համակարգեր, ինչի արդյունքում 2025 թվականի նկատմամբ ջրակորուստները կրճատվելու են առնվազն 50 մլն խմ–ով», -նշված է գործադիրի ներկայացրած ծրագրում։

Ըստ դրա՝ ներդրվելու են ջրի օգտագործման տարբերակված սակագներ՝ այդ թվում՝ նպաստելով տեխնիկական նպատակներով խմելու ջրի օգտագործման սահմանափակմանը և տնտեսական ու այլ գործունեության համար խմելու ջրին այլընտրանքային լուծումների կիրառությանը:

Այս փոփոխությունների իրականացման կոնկրետ ժամկետ, սակայն, ծրագրում չի նշվում։


XS
SM
MD
LG