Մատչելիության հղումներ

«Վեոլիա ջուր»-ի ամառային գրաֆիկն ու 36-ժամյա ջրանջատումը համընկել են

36-ժամյա ջրանջատումները կլինեն Երևանի Արաբկիր, Կենտրոն ու Էրեբունի վարչական շրջանների մի շարք հասցեներում։ «Վեոլիա ջուր»-ը երեկ էր հայտարարել, որ «Արզնի 1» ջրատարի վթարի պատճառով Երևանի երեք վարչական շրջաններում 36 ժամ ջուր չի լինի։

Երևանի Էրեբունի վարչական շրջանի բնակիչներից մեկն իր ավտոմեքենան քանդել, նորոգել, հետո է տեղեկացել, որ առավոտյան 10-ից մինչև վաղը երեկոյան 10-ը ջուր չեն ունենալու։ Մրոտ ձեռքերն էր ցույց տալիս ու կատակում, կգնա Սևանա լճում կլողանա։

Մի տարեց կին էլ տեղյակ չի եղել, որ ջուր չեն ունենալու, առավոտյան անջատվել, նոր է իմացել։

«Վեոլիա ջուր» ընկերությունից հայտնում են՝ Պտղնի ձորում վաղ առավոտից սկսել են ջրատարի վթարված հատվածի փոխարինման աշխատանքները։ Ընկերությունից նաև նշում են՝ ջրանջատումը կտևի շուրջ մեկ ու կես օր, քանի որ վերանորոգումից հետո լրացուցիչ ժամանակ է պահանջվում նաև ջրատարը կրկին ջրով լցնելու ու համակարգի բնականոն աշխատանքը վերականգնելու համար։

36-ժամյա ջրանջատումներից բացի «Վեոլիա ջուրն» այսօրվանից անցել է խմելու ջրի ամառային մատակարարման գրաֆիկին։ Այն հրապարակվել էր դեռ ապրիլին։ Նախորդ տարի ընկերությունը հայտարարել էր մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը մի շարք բնակավայրերում խմելու ջուրը կանջատվի գիշերը 12-ից մինչև առավոտյան 7-ը։

Այդ որոշումը քաղաքացիների շրջանում դժգոհություն էր առաջացրել։ Ջրային կոմիտեից հայտարարել էին՝ «Վեոլիա»-ն ինքնուրույն է դա որոշել, հետո որոշ վերանայումներ արեցին։ Կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը հայտարարել էր՝ ամռան պիկ ամիսներին միևնույն է գիշերային ջրանջատումները պարտադիր են, որպեսզի ջրավազանները լցվեն ու կուտակված ջուրը ցերեկն օգտագործվի։

Ըստ փոփոխված ժամանակացույցի՝ Երևանի մի մասում կպահպանվի շուրջօրյա՝ 24-ժամյա ռեժիմով ջրամատակարարումը, մյուս մասում, սակայն, հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը ջուրը կմատակարարվի օրական 17 ժամ՝ առավոտյան 7-ից մինչև գիշերվա 12-ը։ Ամենախիստ սահմանափակումը նախատեսված է Նոր Խարբերդում, որտեղ խմելու ջուրը կմատակարարվի օրական ընդամենը 12 ժամ։

Էրեբունի վարչական շրջանի բնակիչներից Վերոնիկա Հայրապետյանը, որ արդեն 8 տարի բողոքում է ջրի որակից, այս նոր ժամանակացույցի հետ էլ հաշտ չէ. «Եթե մարդիկ վերադառնում են ուշ կամ առավոտյան շատ շուտ պետք է գնան, հատկապես տրանսպորտի այս խայտառակ վիճակում, որ բոլոր փողոցները խցանված են, արդեն երկու ժամ շուտ մարդիկ պետք է դուրս գան, նույնիսկ մեքենայի պարագայում, որ կարողանան հասնել աշխատանքի։ Ասենք այդ դեպքում ո՞նց պետք է լինի, ո՞նց են պատակերացնում. Նոր Արեշ 16 փողոցը, որտեղ որ ես եմ բնակվում, մի թաղամասում, որտեղ կա էլիտար թաղամաս, փակ թաղամաս է ինքը, մեզանից մի երեք քանի փողոց այն կողմ «Հոլիվուդ» թաղամասն է, իրենց մոտ ջուրը շուրջօրյա է, եթե ամբողջ Էրեբունիում ջուրը կտրվում է, այդ թաղամասում ջուրը չի կտրվում, ո՞նց է լինում, որ երկու փողոց այն կողմ այլ պայմաններ են, երկու փողոց այս կողմ այլ պայմաններ»։

Ջուրը խնայելու նպատակով գիշերային ջրանջատումներին դեմ էր նաև Կենտրոն վարչական շրջանի բնակիչներից մեկը: Նույն բակում ապրող մի կինն էլ ճիշտ հակառակը պնդեց՝ «ջրի խնայողություն է»:

«Վեոլիա ջրի ամառային» ջրամատակարարման գրաֆիկով մարզերի շուրջ 130 բնակավայրերում նախատեսված է 6-ժամյա ջրամատակարարում, իսկ ավելի քան 300 հասցեներում պահպանվում է շուրջօրյա ջրամատակարարումը։

Ավելի մանրամասն՝ «Ազատության» տեսանյութում



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG