Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման հարցը հետաձգվել է

Բարձրաստիճան պաշտոնյաների, հանրային ծառայողների աշխատավարձերի բարձրացման հարցը կառավարությունը հետաձգել է:

Դեռ երկու ամիս առաջ գործադիրի հավանությունն ստացած օրենսդրական փաթեթն այսօր պիտի քննարկվեր խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, սակայն հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանի տեղեկացմամբ՝ կառավարությունից խնդրել են քննարկումը մինչև երկու ամսով հետաձգել նախագծի լավարկման նպատակով:

Նախագծով իշխանությունը էականորեն բարձրացնելու է պաշտոնային աշխատավարձերի դրույքաչափերը. նախագահի աշխատավարձի գործակիցը 19-ից կդառնա 32, այս տրամաբանությամբ նախագահի աշխատավարձը կկրկնապատկվի՝ 1.5 միլիոնից դառնալով 2.6 միլիոն։ Վարչապետի աշխատավարձը ևս կդառնա 2.6 միլիոն։ Նախարարների ամսական աշխատավարձը կմոտենա 2 միլիոն դրամի՝ 998 000 դրամի փոխարեն, փոխվարչապետերն էլ ամսական կվարձատրվեն ավելի քան 2.1 միլիոն դրամի չափով։ Պատգամավորների աշխատավարձերը ևս կբարձրանան. այժմ նրանց աշխատավարձը կազմում է 832 000 դրամ, փոփոխությունների արդյունքում այն կհասնի մոտ 1.5 միլիոն դրամի։ Ուժի մեջ կմնան նաև պարգևավճարները:

Վարչապետ Փաշինյանն այս կտրուկ փոփոխությունները հիմնավորում էր կոռուպցիայի դեմ պայքարի ու պետական ծառայողների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու մղումներով:

35 միլիարդ դրամ «կնստի» բյուջեի վրա այս փոփոխությունը: Բարձրաստիճանների ու պետական ծառայողների աշխատավարձերը պիտի եկող տարվա հունվարի 1-ից ավելանային, ենթադրաբար այդ ժամկետը հետաձգվում է:

Արդյոք գործադիրը հարցը օրակարգից հանում է ֆինանսական խնդիրներից կամ հանրային հնարավոր դժգոհությունից խուսափելու նպատակով: Իշխանական պատգամավորներից Արուսյակ Ջուլհակյանն ու Հասմիկ Հակոբյանը հավաստիացրել են, որ լրացուցիչ քննարկման կարիք կա, տարբեր կառույցներ փաթեթի վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել. «Ինտրիգ պետք չէ փնտրել»:

​
XS
SM
MD
LG