Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի, այսօր օրվա վերջին Ֆեյսբուքում գրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
Մի քանի օր առաջ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից հրապարակված ժամանակացույցը և դրա բովանդակությունը, ըստ նախարարի, խնդրահարույց է գնահատվել ոչ միայն քաղաքացիներից շատերի, այլև Կառավարության կողմից, և օպերատիվ ձևով հրավիրվել է խորհրդակցություն բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ։
«Տեղի է ունեցել քննարկում, և որոշում է կայացվել՝ կասեցնել ժամանակացույցի գործողությունը։ Խնդիր է ձևակերպվել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Ջրային կոմիտեի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացնելու լրացուցիչ ուսումնասիրություններ, որի արդյունքում կհրապարակվի 2024 և 2025 թվականների նկատմամբ լավարկված և բարելավված ջրամատակարարման ժամանակացույց», - գրել է Խուդաթյանը:
«Նման պնդման համար հիմք են հանդիսանում վերջին տարիներին եռապատկված ծավալով իրականացված կապիտալ աշխատանքները Երևանում և մարզերում։ Շարունակական աշխատանքներ են տարվում ինչպես գործող ենթակառուցվածքների արդիականացման, այնպես էլ նոր հայտնաբերված ջրաղբյուրների միջոցով Երևան մղվող ջրածավալների ավելացման ուղղությամբ», - ասված է նախարարի գրառման մեջ:
«Վեոլիա Ջուր»-ը հայտարարել էր, որ մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը Հայաստանում խմելու ջուրը գիշերվա ժամը 12-ից մինչև առավոտյան 7-ը կանջատվի, ինչը հարուցել էր քաղաքացիների դժգոհությունը:
Ամռանը ջրամատակարարման գրաֆիկի փոփոխությունը «Վեոլիա Ջուր»-ը պայմանավորել էր մի շարք գործոններով՝ ավելացել են տասնյակ հազարավոր նոր սպառողներ, փոխվել են եղանակային պայմանները, համակարգի տեխնիկական հնարավորությունները սահմանափակ են, ջրաղբյուրների ջրատվությունը նվազել է շուրջ 24 տոկոսով, իսկ ակտիվ կառուցապատումների հետևանքով կտրուկ աճել է սպառողների թիվը։
Ընկերության այս հիմնավորումները և նախարար Խուդաթյանի պնդումները ակնհայտորեն հակասում են իրար:
Խուդաթյանը նաև չի նշել, թե արդյոք «Վեոլիա Ջուր» ընկերությանը հաջողվել է նվազեցնել ջրի կորուստները, որոնք, վերջին տվյալներով, առնվազն 55 տոկոս են կազմում: