ԱԺ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն այսօր խորհրդարանի ամբիոնից հակադարձեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հռչակած «պատերազմի եռագլուխ կուսակցության» թեզին:
«Իսկ գիտե՞ք՝ ով է պատերազմի կուսակցությունը: Վերջին 8 տարվա ընթացքում 3 պատերազմ բերած կուսակցությունը: Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է: Պատմությունը ձեզ հիշելու է որպես եռապատերազմի կուսակցություն», - ասաց Կարապետյանը:
Վարչապետ Փաշինյանը «պատերազմի եռագլուխ» կուսակցություն է անվանում հիմնական ընդդիմադիր ուժերին՝ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանին», Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքին ու Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանին»: Դեռ նախընտրական շրջանից խոստացել է բանտ նետել նրանց ու ունեզրկել:
Ընտրություններից մեկ շաբաթ անց, երբ ԿԸՀ-ն ամփոփեց արդյունքներն ու «Բարգավաճ Հայաստանը» դուրս մնաց խորհրդարանից, Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել էր. - «Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը բառիս բուն իմաստով ունեզրկելը: Սրանք պետք է հացին կակա ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել: Սա է քաղաքական օրակարգը»:
Փաշինյանը քարոզարշավի ժամանակ նաև պնդում էր, թե ընդդիմախոսների հռետորաբանությունը «պատերազմական» է, ընդդիմախոսներն էլ՝ նրան են մեղադրում կործանարար պատերազմների ու Ադրբեջանին անհամաչափ զիջումներ անելու համար:
Ընդդիմադիր երեք առաջնորդներն էլ մեղադրյալ են, նրանցից Գագիկ Ծառուկյանն ավելի քան մեկ ամիս է կալանավորված է: